Մենք այլևս կախված չենք լինելու մեկ խողովակից. Ալեն Սիմոնյանը` գազի գնի հնարավոր բարձրացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացելու գործընթացը չի կանգնել, այլ դանդաղել է, հայտարարել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ գործընթացի հետագա զարգացումը ավելի շատ կապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացների ավարտի և «անդառնալիության կետի» անցման հետ։

Սիմոնյանը նշել է, որ Թուրքիայի տարածքում ևս ենթակառուցվածքների և կապերի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև հանդիպումները շարունակվում են։

Անդրադառնալով ռուսական գազի հնարավոր թանկացման կամ մատակարարումների դադարեցման մասին տեղեկություններին՝ Սիմոնյանն ասել է, որ նման տեղեկություն չունի։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել գազի ստացման այլ տարբերակներ։

«Մենք չորս սահմանակից երկիր ունենք, և եթե հինգերորդ երկիրն էլ տրանզիտով մեզ գազ փոխանցելու առաջարկ անի, մենք այդ առաջարկը կքննարկենք»,– ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը չի ցանկանում պայմանավորվել գազի գնի բարձրացման շուրջ և ակնկալում է, որ այն կմնա նույնը։ Նա նշել է, որ գազի գինը միայն դոլարային արժեք չէ, այլ իր մեջ ներառում է նաև «քաղաքական գին»։

ԱԽ քարտուղարը նաև ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում կախված լինել մեկ խողովակից և մեկ աղբյուրից, և իրականացնելու է տնտեսության տարբեր ճյուղերի դիվերսիֆիկացման գործընթաց։

«Եթե հնարավորություն լինի և այդ հնարավորությունը քննարկվի, մենք նաև Ադրբեջանից գազ կառնենք, Իրանից գազ կառնենք»,– ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի այլընտրանքային աղբյուրների՝ Ռուսաստանի կողմից գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում։

Սիմոնյանն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք նախկինի պես չեն կարող լինել, քանի որ տարածաշրջանային և տնտեսական իրավիճակը փոխվել է։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գույքագրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները և հասկանալ, թե որ ոլորտներում ինչն է ձեռնտու երկու կողմերին։
Ռուսական 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի կողմից դրա դուրսբերման հարցով քննարկում չկա։ Միաժամանակ, ըստ նրա, ռուսական կողմն է այդ հարցը բերել օրակարգ, և Հայաստանի համար դրա ցանկացած ելք ընդունելի է։

«Ես չեմ տեսնում Թուրքիայից վտանգ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ 2026 թվականն է, ես այսօր որևիցե վտանգ, կարելի է ասել՝ օգոստոսի 8-ից սկսած, ընդհանրապես որևիցե վտանգ չեմ տեսնում»,– ասել է նա։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը սպասում է Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների այցին և պատրաստ է ընդունել նրանց։

Նա նաև ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացում առկա հարցերի մեծ մասի մասին իշխանությունը խոսում է հրապարակային, բացառությամբ զգայուն թեմաների, այդ թվում՝ պահվող անձանց և գերիների հետ կապված հարցերի։

«Մենք սպասում ենք Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչներին, պատրաստ ենք շատ լավ իրենց ընդունել»,– ասել է Սիմոնյանը։

Վերջում նա նշել է, որ Հայաստանը միաժամանակ աշխատում է էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման, այլ երկրների հետ առևտրի ընդլայնման, Թուրքիայի հետ սահմանի բացման, Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ուղղություններով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment