«Մենք ծնկի չենք եկել»․ Իրանի նախագահի աղմկահարույց ելույթը ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ելույթն անցել է լարված մթնոլորտում։ Իրանի ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրը ոչ թե ահաբեկչության կազմակերպիչ է, այլ դրա զոհը՝ հակադարձելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախօրեին արված հայտարարություններին։

Ելույթի սկզբում Փեզեշքիանը ցուցադրել է զոհված երեխաների լուսանկարներ, ինչպես նաև սպանված այաթոլլա Ալի Խամենեիի նկարը։ «ԱՄՆ նախագահը մեզ ահաբեկիչ է անվանում։ Մենք ինքներս ենք ահաբեկչության զոհ դարձել։ Մենք ընդամենը ցանկանում ենք անկախ ապրել»,- հայտարարել է նա՝ ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրելով իրանցի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա անօրինական հարվածներ հասցնելու մեջ։

Փեզեշքիանի ելույթի ընթացքում ԱՄՆ պատվիրակությունը ցուցադրաբար լքել է նիստերի դահլիճը։

Անդրադառնալով միջուկային ծրագրին՝ Իրանի նախագահը շեշտել է, որ միջուկային գիտելիքը չի կարող լինել մի քանի երկրների բացառիկ արտոնությունը, իսկ Իսրայելի հասցեին նշել է․ «Ատոմային ռումբը Իսրայելում է, իսկ տեսուչները՝ Իրանում»։

Ելույթի ավարտին Փեզեշքիանն ուղղակիորեն դիմել է ԱՄՆ նախագահին․ «Պարոն Թրամփ և մեզ վախեցնել փորձողներ, պետք է հասկանաք, որ մենք պատրաստ ենք երկխոսության, դիվանագիտության և բանակցությունների, բայց չենք ընդունում ուժի լեզուն։ Այո, մեզ հարվածել են, բայց մենք ծնկի չենք եկել»։

ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել Իրանի նախագահի հայտարարությունները՝ դրանք անվանելով կեղծավորություն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը որևէ իրավունք չունի դասեր տալու մարդու իրավունքների կամ միջազգային կարգի վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment