Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միլիարդավոր դրամներ է տրամադրել Արցախի նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, որոնք իր ընկերներն ու շրջապատն են:
«Այդ փաստաթղթերն իմ մոտ են։ 2022 թվականին փոխանցվել է 177 միլիարդ դրամ, որից միայն մեկ ստորագրությամբ Արայիկ Հարությունյանը, իր և իր շրջապատի համար, 41 միլիոն դոլարի պարտք է զիջել։ Առանձին 65 միլիարդ դրամ է գնացել, դրանից հետո ևս 69 միլիարդ դրամի փոխառություններ են տրամադրվել։ Այն պարտքերը, որոնք այդ մարդիկ ունեին բանկերի նկատմամբ, պետությունն է փակել»,- ասաց Օսիպյանը։
Օսիպյանի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին, արցախահայության բռնի տեղահանությունից հետո, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել այս անգամ արցախցիների 315 միլիարդ դրամի պարտք զիջելու մասին։
«Հիմա հարց է առաջանում՝ ում վարկերն եք դուք մարել։ Այս հաշվետվությունը չկա։ Քրեական գործեր են հարուցվել, բայց ոչ մեկին մատով չի կպել․ ոչ ոք ոչ մի օր չի նստել, ոչ ոք գումար չի վերադարձրել։ Բայց հենց ինչ-որ մեկը խոչընդոտ է առաջացնում իր քաղաքականության համար, հանում է ցուցակից այդ մեկ հոգուն և սկսում քրեական գործով ճնշել»,- նշեց նա։
Արթուր Օսիպյանը նաև ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած հայցով նախնական դատական նիստն այսօր հետաձգվել է, քանի որ անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել։
«Դատարանն ասաց՝ կզանգենք, կփոխանցենք ձեր փաստաթղթերը, բայց մինչև հիմա՝ մայիսից սկսած, ոչ մի փաստաթուղթ չունեմ։ Գործի հետ կապ ունեցող և կապ չունեցող բոլոր փաստաթղթերը վերցրել են ու իրենց մոտ են պահում»,- ասաց Օսիպյանը։
Օսիպյանը Փաշինյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել իր հասցեին հնչեցրած՝ իր գնահատմամբ, զրպարտություն պարունակող հայտարարությունները։
«Ինձ անվանել է «փախած» ու «թալանչի»։ Հետո բանավեճի ժամանակ ասել է՝ կոչ եմ արել, որ Ղարաբաղից ժողովուրդը դուրս գա։ Ես նման կոչ չեմ արել։ Ինքը կամ պետք է ապացուցի, կամ հերքի, բայց չի կարող ապացուցել, հետևաբար պետք է հերքի։ Իսկ հարցը, թե ինչու չեք զոհվել, դիտարկում եմ որպես անեծք»,- ասել է Օսիպյանը՝ հավելելով, որ Փաշինյանից պահանջում է մեկ դրամ՝ որպես բարոյական փոխհատուցում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: