Պապիկյանը զորամասում ուսումնական տագնապ է հայտարարել և ստուգել ստորաբաժանումների պատրաստվածությունը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 23-ին ՊՆ զորամասերից մեկում ուսումնական տագնապ է հայտարարել՝ հետևելով անձնակազմի գործողություններին և ստորաբաժանումների պատրաստվածությանը։ Ստուգայցերի ընթացքում նա այցելել է նաև կառուցվող ամրացված շրջան, ծանոթացել զորամասերի ենթակառուցվածքային աշխատանքներին և հանդիպել 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների հետ։

ՊՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․​

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են։

​Սեպտեմբերի 23-ին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ N զորամասում հայտարարել է ուսումնական տագնապ, որի շրջանակում հետևել է անձնակազմի գործողություններին, ստուգել ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և սահմանված ժամկետում առաջադրված խնդիրների կատարման ընթացքը։

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև հանրապետության մարզերից մեկում կառուցվող ամրացված շրջան, որը շուտով պատրաստ կլինի շահագործման հանձնվելու։

​Ստուգայցերի շրջանակում նախարար Պապիկյանը ծանոթացել է զորամասերում իրականացվող նոր ենթակառուցվածքների շինաշխատանքների ընթացքին, հետևել զինծառայողների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին։
​
​Նախարարը հանդիպել և զրուցել է նաև 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների հետ՝ հետաքրքրվելով նրանց ծառայողական պայմաններով, առօրյայով և պատրաստության ընթացքով։

​Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը և հետայսու աչքի ընկնել միայն օրինակելի ծառայությամբ։

Leave a comment