Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ադրբեջանը հայտարարել է, որ հասել է նրան, որ Դադիվանքից դուրս բերված խաչքարերի և որմնանկարների վերաբերյալ տեղեկությունները ներառվեն INTERPOL-ի «Stolen Works of Art»՝ «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։
Եթե Ադրբեջանն իսկապես օգտագործում է INTERPOL-ի հնարավորությունները՝ Դադիվանքից դուրս բերված խաչքարերի և որմնանկարների միջազգային որոնում իրականացնելու համար, ապա ժամանակն է, որ Հայաստանը պատասխանի դրան։
Թեև պատասխանելու ժամանակը վաղուց էր եկել։
Քանի՞ հայտարարություն դեռ պետք է հնչի Բաքվից, քանի՞ հուշարձան պետք է վերանվանվի, յուրացվի կամ աշխարհին ներկայացվի որպես բոլորովին այլ պատմության մաս, որպեսզի Հայաստանի իշխանությունը վերջապես ուշացած և թույլ արձագանքներից անցնի Արցախի մշակութային ժառանգության համակարգված պաշտպանությանը։
Ի՞նչ է անհրաժեշտ անել։
Առաջին։ Վերակազմավորել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի շուրջ 30 թանգարանների և պատկերասրահների կատալոգները։
Վերականգնել հավաքածուների ամբողջական կազմը, գույքագրման համարները, լուսանկարները, նկարագրությունները, հեղինակային պատկանելությունը, թվագրումը և յուրաքանչյուր առարկայի ծագման վերաբերյալ տվյալները։
Սա աշխատանք է, որը չի կարելի ևս մեկ տարի հետաձգել։
Երկրորդ։ Ստեղծել Արցախում մնացած մոնումենտալ արվեստի հուշարձանների միասնական կատալոգ։
Քանդակները, հուշակոթողները, բարձրաքանդակները, որմնանկարները, դեկորատիվ հորինվածքները, խաչքարերը և այլ օբյեկտներ պետք է ստանան հնարավորինս ճշգրիտ նույնականացում և փաստագրական նկարագրություն։
Սա պարզապես գիտական աշխատանք չէ։
Սա մեր ժառանգության պաշտպանության ապացուցողական բազան է։
INTERPOL-ն ինքը պետություններին խորհուրդ է տալիս ստեղծել ազգային տվյալների բազաներ և իրականացնել մշակութային հավաքածուների գույքագրում՝ լուսանկարներով և ճշգրիտ նկարագրություններով։
Երրորդ։ INTERPOL-ին ներկայացնել համարժեք՝ «հայելային» դիմում։
Եթե Ադրբեջանը որոշակի օբյեկտներ ներկայացնում է որպես «գողացված», հայկական կողմը պարտավոր է միջազգային իրավապահ կառույցներին ներկայացնել Արցախի մշակութային արժեքների վերաբերյալ սեփական փաստագրված տեղեկությունները՝ դրանց ծագման, մինչև 2020 թվականը գոյության և վիճակի, տեղաշարժի, ոչնչացման, վնասման, ինչպես նաև դրանց յուրացման և պատմական ինքնության փոփոխության փորձերի մասին։
Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ INTERPOL-ի տվյալների բազայում գրանցված տեղեկությունն ինքնին սեփականության իրավունքի վերաբերյալ դատական որոշում չէ։ INTERPOL-ը նշում է, որ տվյալների բազայում տեղեկությունները տրամադրում են լիազորված աղբյուրները, որոնք պատասխանատու են դրանց ճշգրտության և արդիականության համար։
Չորրորդ։ Օգտագործել արդեն գոյություն ունեցող միջազգային իրավական բոլոր գործիքները՝ միջազգային դատական ատյանների որոշումները, խորհրդարանների բանաձևերը և միջազգային կազմակերպությունների այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը։
Բայց կրկին հարց է առաջանում․ ինչո՞ւ է այս ամենը կրկին ու կրկին՝ արդեն երեք տարի շարունակ, պետք առաջարկել պետությանը։
Նման զարգացումների մասին նախազգուշացումը վաղուց էր հնչել։
Արցախի մշակույթի ինը նախարարների վերջերս հրապարակված բաց նամակում բարձրացվել էր Արցախի մշակութային ժառանգության փաստագրման և միջազգային պաշտպանության անհրաժեշտության, ինչպես նաև նույն INTERPOL-ին համապատասխան դիմում ներկայացնելու հարցը։
Այսօր մենք տեսնում ենք, թե որքան ժամանակին էր այդ նախազգուշացումը։
Բայց սայլը տեղից չի շարժվել։
Որտե՞ղ է այսօր այդ համակարգված պետական աշխատանքը։
Մինչ օրս չկա Արցախի մշակութային ժառանգության լիարժեք միասնական ռեգիստր, որը կարող էր հիմք դառնալ միջազգային պաշտպանության համար։ Չի ավարտվել թանգարանների և պատկերասրահների կատալոգների վերականգնումը։ Չի ձևավորվել Արցախի տարածքում գտնվող մոնումենտալ արվեստի հուշարձանների վերաբերյալ փաստագրական բազա։
Անհրաժեշտ է նաև մշտական, մասնագիտական աշխատանք կազմակերպել INTERPOL-ի, UNESCO-ի, ICOM-ի և այլ ոլորտային միջազգային կառույցների հետ՝ ոչ թե որպես Ադրբեջանի հերթական հայտարարությանը տրվող արձագանք, այլ որպես մշակութային ժառանգության պաշտպանության հետևողական պետական քաղաքականություն։
Միևնույն ժամանակ այս աշխատանքների զգալի մասը շարունակում են կատարել մասնագիտացված հասարակական կազմակերպություններն ու առանձին մասնագետները՝ հաճախ առանց պետական աջակցության և համակարգման։
Մշակութային ժառանգությունը հնարավոր չէ պաշտպանել այն ժամանակ, երբ այն արդեն թղթի վրա յուրացրել են։
Չի կարելի տարիներ շարունակ լռել, իսկ հետո վրդովվել, երբ պատմության օտար տարբերակը հայտնվում է միջազգային տվյալների բազաներում և փաստաթղթերում։
Մշակույթը միայն այն հուշարձանը չէ, որը կարելի է լուսանկարել։
Դա նաև կատալոգ է, գույքագրման համար, արխիվային լուսանկար, գիտական նկարագրություն, արձանագրություն, աշխարհագրական կոորդինատներ, հեղինակային պատկանելություն, թվագրում և փաստաթղթերով հաստատված ծագում։
Եթե պետությունը չի ստեղծում այս ապացուցողական համակարգը, ապա այն փաստացի տարածք է թողնում նրանց համար, ովքեր պատրաստ են այդ համակարգը ստեղծել իր փոխարեն՝ պատմության սեփական տարբերակով։
Ուստի այսօր հարցը միայն Դադիվանքին չի վերաբերում։
Սա Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար Հայաստանի պետության պատասխանատվության հարցն է։
Եվ այդ պատասխանատվությունը այսօր չի սկսվել։ Այն պետք էր իրականացնել վաղուց։
Բայց չէ՞ որ մենք ձգտում ենք խաղաղության…
Թե՞ խաղաղությունն արդեն հաստատվել է, ինչպես հիմա սիրում են մեզ ասել»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: