ՀՀ-ից Չինաստան արտահանումը նվազել է ավելի քան 30%-ով (PAN.am)

Հայաստանից Չինաստան արտահանումը 2025 թվականին նվազել է ավելի քան 30 տոկոսով՝ 1 միլիարդ 97․5 միլիոն դոլարից հասնելով 763․6 միլիոն դոլարի, մինչդեռ կողմերը քննարկել են առևտրային կապերի ընդլայնումը, հայտնում է Auroranews.am-ը:

Հայաստանն ու Չինաստանը քննարկել են երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման, ինչպես նաև հայկական ապրանքների արտահանումը դեպի չինական շուկա ավելացնելու հնարավորությունները։ Այդ հարցերն արծարծվել են նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծիենիի հանդիպման ժամանակ, հայտնում է ԱԳՄԱ-ն:

Կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգում ընդգրկված հարցերի լայն շրջանակի։ Քննարկվել է նաև Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հայտարարությամբ նախատեսված ուղղություններով համագործակցության հետագա զարգացումը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության նշանակությունը, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու անհրաժեշտությունը։

Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը՝ ապահովելով երկրի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 12․3 տոկոսը։

2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 միլիարդ 641 միլիոն դոլար՝ մեկ տարվա ընթացքում նվազելով 6․5 տոկոսով։

Դեպի Չինաստան հայկական արտահանման զգալի բաժինը կազմում են պղնձի և մոլիբդենի խտանյութերը, ինչպես նաև ոսկու ու արծաթի կիսաֆաբրիկատները։ 2025 թվականին վերջին երկու ապրանքախմբերի մատակարարումների նվազումը դարձել է Հայաստանից Չինաստան արտահանման անկման հիմնական պատճառներից մեկը։

Leave a comment