ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնել են երկարաձգել առևտրային «զինադադարը», հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը։
«Այսօր մենք համաձայնեցինք երկարաձգել այսպես կոչված Բուսանի համաձայնագիրը՝ երկու երկրների միջև տնտեսական լիցքաթափման գործարքը, որը պետք է լրանար նոյեմբերի 10-ին։ Այն կերկարաձգվի մինչև հունվարի 10-ը, որպեսզի մեզ ավելի շատ ժամանակ տրվի տեսնելու, թե ինչի կարող ենք հասնել տնտեսական ոլորտում», – հայտարարել է Բեսսենթը։
Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել այս երկու ամիսները՝ ավելի լայն տնտեսական համաձայնագրի շուրջ բանակցելու համար։ Գործող համաձայնագիրը պարզապես կրկին երկարաձգելու հնարավորությունը չի բացառվել։
Բեսսենթը բացատրել է, որ ամերիկյան կողմը դեռևս մտահոգություններ ունի Պեկինի կողմից նախկինում համաձայնեցված որոշակի պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Բանակցությունները վերաբերում են ոչ կարևոր ապրանքների փոխադարձ սակագների հնարավոր նվազեցմանը։
Նա հիշատակել է մի նախաձեռնություն, որը ամերիկյան կողմը անվանում է «30-ը 30-ի դիմաց»։ Այն ներառում է յուրաքանչյուր կողմից մոտավորապես 30 միլիարդ դոլարի ապրանքներ, որոնց համար գործող սակագները կարող են վերացվել կամ նվազեցվել։