MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության նիստի օրակարգը․ նախագծերից մեկով նախատեսվում է փոփոխությունների ենթարկել որդեգրման գործընթացը։
Այն և դրան առնչվող տարբեր հարցեր Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով:
Որդեգրման գործընթացը կարգավորող հարաբերությունները, սահմանված լինելով տարբեր իրավական ակտերում, բարդացնում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և առավել ևս օտարերկրացիների կողմից ուսումնասիրելու և հասկանալու որդեգրումը կարգավորող օրենսդրությունը, անհրաժեշտ պայմաններն ու առանձնահատկությունները:
Նախագիծը բովանդակում է դրույթ առ այն, որ 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1919-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 269-Ն որոշումը:
Որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են և կարող են տրամադրվել միայն համադրման արդյունքներով՝ երեխա որդեգրելու մասին դրական եզրակացություն ստացած անձին, բացառությամբ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 113.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի:
Համադրումն իրականացվում է երկու փուլով՝
1) տեխնիկական և
2) մասնագիտական:
Հարկ է նշել, որ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը ներկայացնում է առավել մարդակենտրոն կարգավորումներ, օրինակ նշելով, որ որդեգրման ենթակա երեխայի ու որդեգրել ցանկացող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացու և ընտանիքի համակեցությունն առավելագույնս ապահովելու համար որդեգրել ցանկացող անձին կամ ընտանիքին մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտության դեպքում տրամադրում են մասնագիտական աջակցություն:
Կոնվենցիայի մեկնաբանությունից կարելի է հասկանալ, որ համադրումը չպետք է կատարվի որդեգրող անձի կողմից՝ երեխային անձամբ (in person) կամ լուսանկարների միջոցով ընտրելով: Այն չպետք է իրականացվի նաև միայն համակարգչի միջոցով:
Ուստի, քանի որ հիմնավոր կարիք կա ներդնելու որդեգրման գործընթացում համադրումը կարգավորող օրենսդրություն և հնարավորինս նվազեցնելու ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, առաջարկվում է թե՛ ներպետական և թե՛ օտարերկրյա որդեգրումների համար ստեղծել մեկ ընդհանուր՝ որդեգրման ենթակա երեխաների և որդեգրել ցանկացող անձանց շտեմարան, և որոշակիորեն սահմանափակելով մարդկային գործոնը որդեգրման ենթակա երեխաների շտեմարանից որդեգրել ցանկացող անձի համար համապատասխան երեխային ընտրելու գործընթացում՝ համադրման գործընթացն իրականացնել երկու փուլով.
1) տեխնիկական փուլ և
2) մասնագիտական փուլ։
Առաջին փուլում որդեգրել ցանկացող անձն իր կողմից նախապես ներկայացված դիմումում նշված երեխայի նախընտրելի հատկանիշների ու առանձնահատկությունների հիման վրա իր համար առանձնացված առավել համապատասխան երեխաներից որոշակի տվյալների հիման վրա քայլ առ քայլ ընտրում է իր համար առավել նախընտրելի երեխային կամ երեխաներին:
Համադրման համար Նախագծում առանձնացվել են որդեգրման ենթակա երեխայի կարիքները, որոնք վերաբերում են՝
1) բնակության վայրով, անհրաժեշտության դեպքում՝ առանձին սենյակով, ապահովվածությունը և բնակության վայրի անվտանգությանն ու պայմաններին.
2) երեխայի նկատմամբ բռնության կամ վատ վերաբերմունքի ռիսկի, երեխայի իրավունքների խախտման և լավագույն շահերի անտեսման բացառմանը.
3) սննդապահովման մակարդակին և սննդի բազմազանությանը.
4) նյութակենցաղային ապահովմանը.
5) խնամքի, այդ թվում՝ խնամքի հատուկ պայմանների ապահովման հնարավորությանը.
6) սոցիալական մեկուսացման բացառմանը.
7) երեխայի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերի ապահովումը.
8) որդեգրող ընտանիքում հոգեբանական մթնոլորտին և ընտանիքի անդամների միջև հոգեհուզական կապերին.
9) երեխայի կարծիքին և նախասիրություններին.
10) երեխայի վիճակով կամ կարիքներով պայմանավորված՝ այլ հնարավոր պայմանների ապահովումը։
Համադրման մասնագիտական փուլն իրականացվում է նախորդ փուլի արդյունքում առանձնացված՝ որդեգրման ենթակա երեխային առավել համապատասխան որդեգրել ցանկացող անձին երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կողմից որդեգրման ենթակա երեխայի հետ համադրելով:
Մարիաննա Արամյան