ԿԳՄՍ նախարարի՝ ներքին գործերի նախարարին հղված գրությամբ՝ Գյումրու «Կազաչի պոստի» բնակիչներից մեկը հայտնվել է ոստիկանությունում

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գրություն է հղել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին առ այն, որ Գյումրու «Կազաչի պոստ» թաղամասի հուշարձան համարվող շենքերից մեկի բնակարանի ներսում բնակիչն՝ առանց լիազոր մարմնի թույլտվության, կատարում է շինարարական աշխատանքներ․ մասնավորապես փոխել է պատուհանները։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այդ շենքը Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում է հաշվառված, համարվում է «Զորակային Կազաչի Պոստ» հուշարձանի ենթահուշարձան շենքերից մեկը, ու այդտեղ որևէ իրավունք չկա շինարարություն անելու՝ առանց իրենց թույլտվության՝ ելնելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթներից։

Ներքին գործերի նախարարին հասցեագրված գրությունը հասել է ոստիկանության Կումայրի բաժին, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են 57-ամյա գործազուրկ մի տղամարդու կողմից։

Սեպտեմբերի 17-ին ավագ համայնքային ոստիկան Աթոյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ու փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ մի դեպք արձանագրվել էր «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող տներից մեկում՝ տանտիրոջ կողմից վերանորոգման աշխատանքներ կատարելու համար։ Թոշակառու տանտերը հրավիրվել էր ոստիկանություն՝ բացատրություն տալու, թե ինչու է վերանորոգում իր տունը՝ առանց լիազոր մարմնի թույլտվության։

Մենք անդրադարձել ենք այն թեմային, որ պետական միջոցներով «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում գտնվող, օր օրի փլուզվող գեթ մեկ շենք, որոնք չունեն սեփականատեր, չի վերանորոգվում, բայց երբ մարդիկ երբեմն հարկադրված փորձում են իրեն իսկ տանը մի մեխ խփել, անմիջապես հայտնվում են իրավապահ մարմինների տիրույթում։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment