Արցախի մշակույթի նախկին նախարարը հիշեցնում է՝ ինչ էր ստանձնել ՀՀ-ն, որ չարեց

«Արցախից բռնի տեղահանվելուց հետո մենք կորցրինք ոչ միայն տները, ունեցվածքը, այլև այն բնական մշակութային միջավայրը, որտեղ ձևավորվում էին մեր հիշողությունը, սովորույթները, ավանդույթներն ու լեզուն։ Դրա համար այսօր արցախահայերի մշակութային իրավունքների հարցը պարզապես անցյալի հարց չէ, այլ մարդու իրավունքների հարց է»,- այսօր ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական և սոցիալական մի շարք այլ կարգավորումների իրավական հիմքերը, խնդիրները և լուծումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2023–2025 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում էին արցախահայերի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու փոխանցմանն ուղղված միջոցառումներ՝ ներառյալ դրա գույքագրումը, տվյալների բազայի ստեղծումը և այլն։

Շահվերդյանը նաև հիշեց մեկ այլ կարևոր փաստաթուղթ՝ 2023 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման ու հանրահռչակման ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը։ Այդ ռազմավարության մեջ նույնպես որպես առաջնային խնդիր սահմանված էր բռնի տեղահանված անձանց ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրումը։

«Դրա իրականացման մասով, ցավոք, դրական բաներ չենք կարող արձանագրել։ Մշակութային ժառանգության գույքագրումը, եթե նույնիսկ իրականացվել է, դեռևս չի նշանակում այդ մարդկանց մշակութային իրավունքների իրացում»,- ասաց Շահվերդյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն էլ հավելեց. «Մինչև Արցախի մեր հայրենակիցները կարողանան վերադառնալ հայրենիք, իրենք ՀՀ-ում պետք է ապրեն արժանապատիվ, նրանց սոցիալ-տնտեսական կարիքները պատշաճ կերպով պետք է հարգվեն ու բավարարվեն»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment