Ռուբիոն ներկայացրել է Իրանի հետ գործարքի հասնելու պայմանները

Բաժանորդագրվել

Պետքարտուղարը նշել է, որ համաձայնությունների բացակայության դեպքում Վաշինգտոնը կշարունակի ուժեղացնել տնտեսական ճնշումը Թեհրանի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքումը տևական աշխատանք ու միջնորդների մասնակցություն կպահանջի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ հնարավոր համաձայնությունները չեն կարող ձեռք բերվել կարճ ժամկետներում։

«Եթե նույնիսկ Իրանի հետ գործարքը կնքվի, դա տեղի չի ունենա մամուլի ասուլիսի ժամանակ։ Դրա համար որոշակի ժամանակահատվածում մեծ աշխատանք կպահանջվի, ինչպես նաև միջնորդների մասնակցություն»,-լրագրողներին ասել է Ռուբիոն։

Միևնույն ժամանակ պետքարտուղարը նշել է, որ համաձայնությունների բացակայության դեպքում Վաշինգտոնը կշարունակի ուժեղացնել տնտեսական ճնշումը Թեհրանի նկատմամբ։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տրամադրության տակ մի շարք տարբերակներ կան, այդ թվում՝ այնպիսիք, որոնք նա արդեն կիրառել է՝ լուրջ ու աճող տնտեսական վնասներ»,-ասել է Ռուբիոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլերի կդիմի ԱՄՆ-ն, եթե գործարք չլինի։

Նախօրեին ԱՄՆ-ն և Իրանը Կատարի միջնորդությամբ բանակցություններ են անցկացրել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ խորհրդակցությունները տևել են մոտ երեք ժամ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանք «շատ արդյունավետ» է անվանել, սակայն կողմերը դեռևս չեն հայտարարել համաձայնությունների ձեռքբերման մասին։

Վերջին շաբաթներին Կատարն ու Պակիuտանը միջնորդական ջանքեր էին գործադրում Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ։ Իրանը կատարցի միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման իր պայմանները, որոնց թվում են ռազմական գործողությունների դադարեցումը, իրանական ակտիվների ապասառեցումն ու ծովային շրջափակման վերացումը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և վստահություն էր հայտնել համաձայնության հասնելու հնարավորության հարցում։ Միաժամանակ ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ունենալ։

Leave a comment