«Մինչև օրս բացահայտված չէ»․ Մանե Թանդիլյանն անդրադարձել է Վալոդյա Գրիգորյանի սպանության 1-ին տարելիցին

Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանի դաժան սպանությունից լրանում է ուղիղ մեկ տարի։ Այս առիթով «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը հանդես է եկել հայտարարությամբ

«Մեկ տարի առաջ այս օրը դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց մեր լավագույն ընկեր, Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։

Բացառիկ հայրենասեր, հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի նվիրյալ Վալոդյա Գրիգորյանը դաժանաբար սպանվեց համայնքապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը հինգ ամիս անց։

Այդ ամիսների ընթացքում նա ապացուցեց, որ արժանացել է իր ընտրողների բացառիկ հարգանքին՝ դառնալով բոլորի համայնքապետը։ Իր աշխատասիրությամբ, պրոֆեսիոնալիզմով Փարաքար համայնքը լավագույնը դարձնելու իր երազանքները քայլ առ քայլ դառնում էին իրականություն։

Վալոդյա Գրիգորյանը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում սպանված միակ ընդդիմադիր քաղաքական գործիչն է, ում սպանությունը մինչև օրս բացահայտված չէ։

Մենք պահանջատեր ենք և հետևողական մեր ընկերոջ սպանության ամբողջական բացահայտման հարցում։

Մենք շարունակում ենք Վալոդյա Գրիգորյանի կիսատ թողած գործերը՝ վառ պահելով նրա անմար հիշատակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment