Alibaba-ն ներկայացրել է արհեստական բանականության նոր չիպ

Չինական ինտերնետային հսկա Alibaba-ն իր ամպային ստորաբաժանման ամենամյա Apsara համաժողովի ընթացքում ներկայացրել է արհեստական բանականության նոր՝ Zhenwu V900 չիպը, հաղորդում է CNBC-ն։

Alibaba-ի պնդմամբ՝ նոր չիպի արտադրողականությունը երեք անգամ գերազանցում է նախորդ՝ Zhenwu M890 մոդելի ցուցանիշը։

Նոր չիպերի զանգվածային արտադրությունն ու վաճառքի մեկնարկը նախատեսված են առաջիկայում։ Գոյություն ունեցող Zhenwu պրոցեսորներն արդեն օգտագործում են տարբեր ոլորտների ավելի քան 650 պատվիրատուներ, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերության, ֆինանսական հատվածի և էներգետիկայի ընկերություններ։

Alibaba-ն նաև հայտարարել է Alibaba Cloud-ի տվյալների կենտրոնների համաշխարհային հզորությունը մինչև ավելի քան 20 ԳՎտ ընդլայնելու և Qwen 4.5 ու Qwen 5 արհեստական բանականության մոդելների շարքերը թողարկելու ծրագրերի մասին։ Դրանց կնախորդի Qwen 4-ը, որը ներկայում ուսուցման փուլում է։

Alibaba-ի գլխավոր գործադիր տնօրեն Էդի Ուն հայտարարել է, որ մեքենայական մտածողությունը դեռևս աճի հսկայական ներուժ ունի՝ արհեստական բանականության զարգացման ներկայիս փուլը համեմատելով էլեկտրիֆիկացման վաղ շրջանի հետ։

«Արհեստական բանականության միջոցով ծրագրավորումը մեքենայական ինտելեկտի դարաշրջանի ընդամենը էլեկտրական լամպն է», — հավելել է նա։

Leave a comment