«Դուք «մահ կամ ազատություն» գոչողներից դարձել եք ԿԳԲ գործակալ պաշտպանող»․ Ռուբեն Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

«Խնդիրն այն է, որ դուք Սարոյան եղբայրների ֆիլմի Գեւորգից վերածվել եք Հայկի։ Խնդիրն այն է, որ դուք սկսել եք «մահ կամ ազատություն»-ից, ավարտել եք 004 շրջաբերականով։ Խնդիրն այն է, որ մի կուսակցություն, որի անվանումը նույնական է եղել անկախականության հետ, հասել է մի կետի, որ երբ 1988 թվականին անկախական շարժում է ծնվում եւ մոլեգնում, ձեր կուսակցությունը դեմ է արատահայտվել անկախությանը։ Դուք «մահ կամ ազատություն» գոչողներից դարձել եք ԿԳԲ գործակալ պաշտպանող»,- ԱԺ նստաշրջանում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցությանը դիմեց ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատակններ հնչեցնելով ՀՅԴ հասեցին։

Ռուբինյանն ասաց, որ Դաշնակցության իշխանության օրոք Հայաստանը կորցրել է իր անկախությունը։ «Քանի որ բոլշեւիկները մտան Հայաստան եւ վերացրեցին Հայաստանի անկախությունը, կարող է դուք էնքան մեղք եք զգում դրա համար, որ մտածում եք՝ պետք է սուս ու փուս մնալ, չփորձել պաշտպանել անկախությունը, բալքիմ մի բան կստացվի։ Ես հուսով եմ՝ էդ բացատրությունն է, դա գոնե բացատրություն է, որն ազնվության տարր ունի իր մեջ։ Մյուս բացատրությունը տվել է խորհդրային ԿԳԲ-ի հետախուզության պետ Կալուգինը, որն իր գրքում գրել է, որ խորհրդային ԿԳԲ-ն ուղղակի հավաքագրել է են ժամանակվա Դաշնակցության ղեկավարությանը, եւ արդյունքում այսպիսի մեծ փոփոխություն է եղել՝ Սարոյանի Եղբայրների Գեւորգը դարձել է Հայկ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռուբինյանը հավելեց․ «Այսօր Հայաստանի անկախության համար պայքարող մարդը իմ եղբայրն է, իսկ Հայաստանի անկախության դեմ պայքարող բոլշեւիկը ոնց էն ժամանակ է եղել դատապարտելի սրիկա, այնպես էլ այսօր»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment