Արսենյանների «Ջերմուկ Գրուպը» ազատվում է 270.7 մլն դրամի մաքսատուրքից

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին և որդուն՝ ՔՊ-ական Վահագն Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն կստանա 270.7 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն։

Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել 2026 թվականի հունիսի 4-ի N 779-Ա որոշման մեջ, որով ընկերությանը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքն ու նյութերը մաքսատուրքից ազատելու արտոնություն էր տրամադրվել։

Նոր նախագծով ընկերությանը հնարավորություն կտրվի ապրանքները ներմուծել նաև լիզինգատու կազմակերպության միջոցով։

Միաժամանակ, նախատեսվում է ներմուծել 215 մլն դրամի սարքավորումներ և 656.9 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ։

Նախագծի համաձայն՝ լրացումների արդյունքում ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 4.3 մլրդ դրամ, իսկ այդ ապրանքների համար մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270.7 մլն դրամ։

Ներմուծվող հումքն ու սարքավորումները նախատեսվում են օգտագործել պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի արտադրության և պատրաստի արտադրանքը տեղափոխելու նպատակով։
«Ջերմուկ Գրուպ»-ը հիմնադրվել է 1996 թվականին։ Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Վայոց ձորի մարզում։

Կառավարության հիմնավորմամբ՝ արտոնությունը կնպաստի նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, տեղական արտադրության և արտահանման խթանմանը։

Նարեկ Կիրակոսյան

 

Leave a comment