Դեռևս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը (նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է), որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026 թ. ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է, գրել է «Հրապարակ» թերթը։
Ըստ պարբերականի` այս կուսակցությունը ՔՊ–ի հետ կոալիցիա է կազմել և ՏԻՄ ընտրություններին «Համերաշխություն» դաշինքը ձևավորել` Գորիսի ընտրություններին մասնակցելու համար: Ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։
Ըստ «Հրապարակի»` Գավառում գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը «Գործարար» կուսակցության և ՔՊ–ի հետ է մասնակցում ընտրություններին՝ դարձյալ «Համերաշխություն» դաշինքով։
«Նույն կուսակցությամբ է առաջադրվել նաև Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որը թեև ՔՊ–ական էր, սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի արդարացրել ՔՊ–ի հույսերը, և հիմա իշխանությունն այս համայնքում առաջադրել է Լոռի Բերդ համայնքի վարչական ղեկավարին»,– գրել է թերթը։
«Հրապարակի» տեղեկություններով` «Գործարար» կուսակցության ցուցակով է ուզում առաջադրվել նաև Աբովյանի գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որը նախկինում Գագիկ Ծառուկյանի թիմակիցն էր, և ՔՊ–ն հիմա նրան չի ուզում առաջադրել։
Գորիս համայնքում ՏԻՄ (ավագանու) հերթական ընտրությունները նշանակված են այս տարվա հոկտեմբերի 25-ին։ Լոռիի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն սեպտեմբերի 27–ին, հոկտեմբերի 25–ին (այդ թվում՝ Լոռի Բերդ համայնքում») և նոյեմբերի 29–ին։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում ՏԻՄ (ավագանու) հերթական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Աբովյանում ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 13–ին։