ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր իրեն հաջողվել է կարգավորել ութ պատերազմ, որոնց թվում առանձնացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։
«Պաշտոնը ստանձնելուց ի վեր ինձ համար մեծ պատիվ է եղել կարգավորել ութ պատերազմ և դրա շնորհիվ բարեկամական հարաբերություններ հաստատել այդ երկրների ղեկավարներից շատերի հետ»,- Նյու Յորքում ընթացող Գլխավոր ասամբլեայի ելույթում ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։
Թրամփի խոսքով՝ այդ հակամարտություններից շատերը տևել են տարիներ, որոշները՝ տասնամյակներ։ Նա հայտարարել է, որ արդյունքի հասնելու հիմնական գործիքներն են եղել պետությունների ղեկավարների հետ անձնական շփումները, ինչպես նաև առևտուրը, մաքսատուրքերն ու դրանց սահմանման սպառնալիքները։
Հայ-ադրբեջանական կարգավորման թեման ներկայացնելիս Թրամփը հղում է արել երկու երկրների ղեկավարների գնահատականներին։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բնորոշմամբ՝ ԱՄՆ նախագահը վեց ամսում «հրաշք» է գործել, ինչն անհնար էր թվում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը մեջբերել է նաև Հայաստանի ղեկավարին՝ նշելով, թե Նիկոլի համոզմամբ՝ ձեռք բերված բեկումն անհնար կլիներ առանց Թրամփի անձնական միջամտության և խաղաղության հասնելու նրա վճռականության։