G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Եմենում և Սաուդյան Արաբիայի դեմ հութիների իրականացրած հարձակումները՝ միաժամանակ կոչ անելով Իրանին դադարեցնել ապստամբներին ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում՝ նրանց զինումը, գրում է DW-ն։
«Մենք խստագույնս դատապարտում ենք Եմենում հութիների կողմից շարունակվող անընդունելի հարվածները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի Թագավորության դեմ իրականացվող հարձակումները»,- ասվում է Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում նրանց հանդիպումից հետո։
Հայտարարության մեջ հութիներին կոչ է արվում «անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, քաղաքացիական նավագնացության դեմ ուղղված բոլոր սպառնալիքներն ու հարձակումները և բարեխղճորեն վերադառնալ քաղաքական գործընթացին»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը համաձայնել է սահմանափակ ռազմական աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային, քանի դեռ Մերձավոր Արևելքի թագավորությունը շարունակում է ենթարկվել Եմենի հութի ապստամբների հարձակումներին։
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը Սաուդյան Արաբիայի ինքնաթիռներին կտրամադրեն օդում «պաշտպանական» բնույթի վերալիցքավորման ծառայություն։ Այս մասին Բըրնհեմը հայտնել է լրագրողներին՝ Նյու Յորք մեկնելու ճանապարհին։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան Սաուդյան Արաբիայից «ռազմական աջակցություն տրամադրելու հարցում դիմում է ստացել»։ Վարչապետը հայտարարել է, որ ինքը «գործում է Մեծ Բրիտանիայի և ավելի լայն տարածաշրջանի շահերն ապահովելու համար, քանի որ Սաուդյան Արաբիան, իհարկե, ենթարկվում է հարձակումների, բախվում է հետագա խափանումների հնարավորությանը, և մենք պետք է բաց պահենք [նավթի] մատակարարման այդ ուղիները»։
Լրատվամիջոցները, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներին, հայտնում են, որ պայմանավորվածությունը, որի իրականացումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի առաջիկա օրերին, ժամանակային սահմանափակում կունենա և կարող է տևել «մի քանի շաբաթ»։
Առաքելությունը նախատեսում է RAF-ի «Voyager »-ի օգտագործումը և լրացնում է «Sky Sabre» բրիտանական հակաօդային պաշտպանության համակարգը, որն արդեն տեղակայված է Սաուդյան Արաբիայում։ Բրիտանական առաքելությունը կաջակցի Սաուդյան Արաբիայի կործանիչներին երկիրն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումներից պաշտպանելու գործում։
2015 թվականից ի վեր Սաուդյան Արաբիան գլխավորում է ռազմական կոալիցիան, որն աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը հութիների դեմ պայքարում։ Այս տարվա հուլիսին ապստամբների և Սաուդյան Արաբիայի միջև 2022 թվականին հաստատված հրադադարը փլուզվեց այն բանից հետո, երբ հութիները թույլ տվեցին իրանական ինքնաթիռին վայրէջք կատարել Եմենի մայրաքաղաք Սանայում՝ հակասելով Եմենի օդային տարածքի նկատմամբ Սաուդյան Արաբիայի վերահսկողությանը։
Շաբաթ հութիների կողմից Ռիադի ուղղությամբ իրականացված հարձակումը տարիների ընթացքում առաջինն էր, որի թիրախում հայտնվել էր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը։ Հութիները նաև հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցում և Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի նավագնացության շրջափակման մասին։
Բաբ էլ-Մանդեբի նեղուցը համաշխարհային նավագնացության կարևորագույն երթուղիներից մեկն է։ Բացի Սաուդյան Արաբիայի հետ կապ ունեցող նավերից՝ հութիների անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածների թիրախ են դարձել նաև Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող նավթային օբյեկտները։ Սաուդյան Արաբիան նավթի արտահանման ծավալներով աշխարհի առաջատար երկրներից է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի