Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։
Հայտնի է դարձել, որ Գրիգորյանն Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցելու է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։
Ավելի վաղ օդային չվերթների մոնիթորինգային համակարգերում ուշագրավ տեղաշարժ էր արձանագրվել․ FlyOne ավիաընկերությանը պատկանող Gulfstream G450 ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղղություն էր վերցրել դեպի Բաքու։ Օդանավը մայրաքաղաքից մեկնել է առավոտյան ժամը 07:00-ին և շուրջ 50 րոպե տևած թռիչքից հետո վայրէջք կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում։
Ըստ նախանշված ժամանակացույցի՝ պատվիրակության վերադարձը Երևան նախատեսված է նույն օրը՝ ժամը 21:40-ին։