«Գոնե Հայաստանի այս մասը պահպանելու համար պետք է պայքարել, մարդիկ չեն տեսնո՞ւմ, որ վարչապետը նոր հայտարարություն է արել»․ արցախցիները պայքարի կոչ են անում

Արցախցիների սոցիալ-տնտեսական և այլ խնդիրները ստիպում են, որպեսզի նրանք մտածեն փողոցային պայքար սկսելու մասին։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն օրերս հայտնել էր, որ չի բացառվում՝ հանրահավաքներ սկսեն։ Իսկանդարյանը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ սեպտեմբերի 27-ին և հետագա օրերին շարունակական հանրահավաքներ անցկացնելու համար, բայց քաղաքապետարանը չի արտոնել հավաքների անցկացումը։ «Ես չեմ հաստատում, որ ամսի 27-ին հանրահավաք լինելու է, քննարկումների փուլում ենք, կտեսնենք։ Կքննարկենք, եթե ամբողջությամբ կարողանանք մոբիլիզացնել մեր ուժերը, որոշակի քայլեր կձեռնարկենք»,- նշել է Նժդեհ Իսկանդարյանը։

Արտակ Մկրտչյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում պայքար սկսելու անհրաժեշտություն կա ոչ միայն արցախցիների սոցիալ-տնտեսական հարցերով, այլ նաև՝ համահայկական խնդիրներով, քանի որ Հայաստանն է այսօր արդեն վտանգի տակ։

«Մենք տեսնում ենք, որ օրվա իշխանությունը չի ընդառաջում կամ չի փորձում ինչ-որ քայլ անել և կարգի բերել իրավիճակը։ Ինչպես գիտեք՝ և բնակարանների գներն են թանկացել, և հողամասերի։ Այսինքն՝ բնակապահովման ծրագրով արցախցիների համար ահագին դժվարացել է տուն գնելը, քանի որ ոչ թե երկու անգամ, այլ մի քանի անգամ թանկացել են թե հողամասերի, թե տների գները։ Մենք հայտարարեցինք, որ՝ ժողովուրդ ջան, մենք հետքայլ չենք անում, ոչ էլ լռելու ենք, այլ ամեն մեկս մեր ճանապարհով աշխատում ենք։ Եթե մեր խնդիրները չեն լուծվում, ու եթե բնակչության կողմից լինի պահանջ, ուրեմն պետք է, չգիտեմ, այլ տարբերակներ փնտրել ու ստիպել, որպեսզի լուծվեն մեր խնդիրները»,- ասաց Արտակ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ բնակարանների վարձակալության գները նույնպես թանկացել են, շատ արցախցի ընտանիքներ ի վիճակի չեն վճարել վարձերը, ընտանիքները փողոցում են հայտնվում։ «Այսինքն՝ դա ոչ միայն արցախցիներին վերաբերող հարց է, այլ ընդհանուր, որովհետև բոլորը, ովքեր ապրում են վարձով, իրենց համար դա արդեն խնդիր է, դժվարանում են վճարել վարձը։ Հիմա, եթե այդ պահին ժողովրդի կողմից լինի փողոցային պայքարի պահանջ, ի՞նչ անենք, սպասե՞նք, լռե՞նք։ Այսինքն՝ չենք տեսնում, որ ինչ-որ բան կփոխվի, ինչքա՞ն սպասենք, կամ ի՞նչ անենք, առաջընթաց չկա»,- նշեց նա։

Նախատեսված է, որ սեպտեմբերի 23-ին արցախցիների սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում է անցկացվելու ՀՀ Ազգային ժողովում։ Արտակ Մկրտչյանի խոսքով՝ անորոշ է՝ ինչ-որ բան կփոխվի՞ այդ քննարկման արդյունքում, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ ժողովուրդն էլ պետք է հասկանա՝ պատրա՞ստ են փողոց դուրս գալու՝ իրենց իրավունքները պահելու համար, թե՞ չէ։ «Որովհետև դուրս գալ, չգիտեմ, 5 օր մնալ, 2 օր մնալ կամ 1 օր մնալ ու գնալ, դա էլ է սխալ»,- ասաց նա։

Հարցին, այսինքն՝ երկարատև պայքա՞ր պետք է սկսել, Արտակ Մկրտչյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ ոչ միայն պետք է արցախցիներով դա անել, պետք է ընդհանրապես հայրենիքը փրկելու հարցով մտահոգ մարդիկ համախմբվեն»։

«Գոնե Հայաստանի Հանրապետության այս մասը պահպանելու համար պետք է պայքարել, որովհետև չգիտեմ՝ մարդիկ չեն տեսնո՞ւմ արդյոք, որ վարչապետը նոր հայտարարություն է արել և Տիգրանաշենը «Քյարքի» է անվանել։ Մոնթեն ինչ ասում էր, այսօրվա պես իրականացվում է՝ «եթե Արցախը չլինի, կշրջենք հայոց պատմության վերջին էջերը»։ Ու դա իրոք այդպես է, ինչքան գնում, դրան ենք հանգում, որովհետև իմ համար Տիգրանաշենը Հայաստանը բաժանում է երկու մասի։ Հիմա Տիգրանաշենը տալով՝ Հայաստանի ողնաշարը կարող է արագ կոտրվել։ Թշնամին նույն թշնամին է, չեմ տեսնում, որ ինքը գնում է, ձգտում է խաղաղության կամ պատրաստվում է խաղաղության։ Դա չի երևում, մենք ինչքանո՞վ ենք վստահ, որ Տիգրանաշենը տալով՝ կլինի լիարժեք խաղաղություն։ Այն ժամանակ մարդկանց ասում էին՝ Արցախը տանք, հանգիստ ապրենք։ Արցախը տվել ենք, 3 տարի է՝ Արցախը չկա, հանգի՞ստ ապրեցինք։ Թե՞ Արցախը տալով՝ Կիրանցում հողեր հանձնեցինք, հիմա էլ Տիգրանաշենի հարցն է։ Վստահ եմ՝ դրանից հետո հերթը Սևանինն է։ Եթե իրենք այսօր հայտարարում են, թե «Երևանը Իրևան է ու եղել է ադրբեջանական տարածք», էլ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Եթե իրենք չեն ընդունում, որ Երևանը Հայաստան է, էլ ի՞նչ խաղաղության ենք գնում իրենց հետ»,- հավելեց նա։

Ըստ Արտակ Մկրտչյանի՝ պետք է համախմբվեն բոլոր ընդդիմադիր ուժերը, նաև ոչ ընդդիմադիր ուժերը, ովքեր տեսել են, որ իրոք խաբվել են։ Նրա խոսքով՝ 2018 թվականից սկսած մինչ այսօր Փաշինյանն ինչ հայտարարել է, իրականացրել է լրիվ հակառակը։ «Այսինքն՝ չկա մի կետ, որ ասել է՝ դա անելու եմ, ու արել է։ Դա պիտի գիտակցեն բոլորը ու դուրս գան պայքարի։ Երբ կհասունանա այդ պահը, չգիտեմ, ես՝ որպես ընդդիմադիր մարդ, ամեն օր պայքարում եմ, չեմ թողնում, որպեսզի ժողովուրդը խաբված լինի»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment