Մասնագետ․ Կրթությունը երկրորդ պլան է մղվել․ մենք ՀՀ կրթական համակարգը ստորադասում ենք ինչ-որ հյուրերի

Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն անցկացվի։ Փոխարենը՝ սեպտեմբերի 15-ից հինգ շաբաթ շարունակ մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։ Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:

Որոշումը դժգոհություն է առաջացրել ինչպես ծնողների, այնպես էլ մանկավարժների շրջանում։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը սխալ է կայացվել։

«Առանց այդ էլ այն իրավիճակը, որն այսօր կա կրթության ոլորտում․․․ սա բերելու է ավելի վատթարացման։ Ոչ մի բան չպետք է զիջել՝ հանուն կրթության զարգացման և կրթության որակի բարձրացման։ Իսկ Հայաստանի իշխանությունները երեխաներին ասում են՝ ոչինչ, երկու շաբաթ դասի մի գնացեք, որովհետև մենք Երևանում կազմակերպում ենք միջոցառում, որն ունի շատ հյուրեր։

Այսինքն՝ մենք ստորադասում ենք ՀՀ կրթական համակարգն ինչ-որ հյուրերի, ով ուզում է՝ լինի։ Չի կարելի նման մոտեցում ցուցաբերել։ Սա նշանակում է, որ Հայաստանում կրթությունը երկրորդ պլան է մղվել, և որևէ մեկը հոգ չի տանում կրթության մասին։ Իրենց համար ավելի կարևոր են ցուցադրական ելույթները, միջոցառումները, միայն թե իրենք երևան այդ միջոցառումների ժամանակ»,- նշեց նա։

Մասնագետի խոսքով՝ երեխաների շրջանում առանց այդ էլ սթրեսային իրավիճակ է, իսկ այս շաբաթվանից նրանք ստիպված են լինելու դպրոց հաճախել նաև շաբաթ օրերին՝ բաց թողնված դասերը լրացնելու համար։

«Գոնե լավ է, որ այդ հնարավորությունը տվել են երեխաներին։ Շատ դժգոհություն կա, քանի որ ստացվում է, որ երկու օր հնարավոր է կրկնվի նույն դասը։ Ուսուցիչներն էլ դժգոհում են, որ ևս մեկ աշխատանքային օր են ունենալու։

Բոլորին էլ հայտնի է՝ եթե տրամադրված չեն շաբաթ օրը դասի գնալու, շաբաթ օրերին կազմակերպվող դասերի որակն այդքան էլ լավը չի լինում, բացակայություններն են շատ լինելու, ինչը բնավ չի նպաստելու կրթության որակի բարձրացմանը։ Սա հինգ շաբաթ շարունակվելու է»,- հավելեց Մխիթարյանը։

Ըստ նրա՝ որոշումը խնդիրներ է առաջացնում նաև ծնողների համար, քանի որ ոչ աշխատանքային օրը նրանք ստիպված են լինելու երեխաներին դպրոց տանել։

Aysor.am

Leave a comment