Հայաստանի նախագահի աշխատակազմը որոշակի դժգոհություններ ունի աշխատավարձերի բարձրացման նախագծից։
Մասնավորապես, նախագահի աշխատակազմը առաջարկել է չսահմանափակել աշխատավարձի տնտեսված միջոցներից պարգևատրումներ կատարելու հնարավորությունը։ Այսինքն, նախագահի աշխատակազմը և՛ պարգևավճարներ է ուզում, և՛ տնտեսված գումարները ցանկանում է որպես պարգևավճար բաժանել աշխատակիցների միջև։
«Թափուր հաստիքների պատճառով տնտեսված միջոցների պայմաններում մյուս աշխատակիցները հաճախ լրացուցիչ ծանրաբեռնվածություն են կրում»,- նշված է նախագահականի հիմնավորման մեջ։
ՀՀ կառավարությունը մերժել է նախագահականի առաջարկությունը։ Սակայն, նշել են, որ բացի աշխատավարձերի բարձրացումը, պարգևավճարներ կշարունակեն բաժանվել, բայց այլ մեխանիզմով։ Կատարողականի գնահատման հիմքով լրավճարների տրամադրման համակարգ է ներդրվելու։
«Կատարողականի գնահատման հիմքով լրավճարներ են նախատեսվելու նաև օրենսդիր, դատական և իրավապահ համակարգերի, ինչպես նաև անկախ և ինքնավար այլ մարմինների համար։ Այդ մարմինների դեպքում լրավճարների չափը կապակցվելու է Կառավարության կատարողականի ցուցանիշի հետ»,-ասված է պատասխանում։
Նշենք, որ նախագծով նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի դրույքաչափի հաշվարկման գործակիցը ներկայիս 11-ից նախատեսվում է դարձնել 20։ Արդյունքում աշխատավարձը գործող 915 հազար 200 դրամից կդառնա 1 միլիոն 664 հազար դրամ՝ 748 հազար 800 դրամով ավելի։
Աշխատակազմի ղեկավարի տեղակալի գործակիցը 8.50-ից նախատեսվում է հասցնել 15-ի։ Աշխատավարձը 707 հազար 200 դրամից կդառնա 1 միլիոն 248 հազար դրամ՝ աճելով 540 հազար 800 դրամով։
ՀՀ նախագահի խորհրդականի գործակիցը 9.50-ից կդառնա 16։ Նրա աշխատավարձը գործող 790 հազար 400 դրամից կդառնա 1 միլիոն 331 հազար 200 դրամ՝ 540 հազար 800 դրամով ավելի։
Նախագծով սահմանվում են նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի, օգնականի, ռեֆերենտի և աշխատակազմի ղեկավարի օգնականի գործակիցները։
Մասնավորապես՝ նախագահի մամուլի քարտուղարի գործակիցը նախատեսվում է սահմանել 10, ինչը 832 հազար դրամ աշխատավարձ է։
Նախագահի օգնականի գործակիցը նախատեսվում է սահմանել 9՝ 748 հազար 800 դրամ աշխատավարձով։
Նախագահի ռեֆերենտի գործակիցը սահմանվում է 8՝ 665 հազար 600 դրամ աշխատավարձով, իսկ աշխատակազմի ղեկավարի օգնականինը 7՝ 582 հազար 400 դրամ։
Նարեկ Կիրակոսյան