«Խնդիրն առաջացել է «Փլեյ սիթի»-ի փակման հետևանքով, քանի որ որոշակի քննչական գործողություններ են այնտեղ իրականացվում, այդ պատճառով տուժել է մեր մարզիկների՝ մարզվելու հնարավորությունը։ Եկել, կանգնել ենք փաստի առաջ, որ երիտասարդ ավտոմրցարշավորդները հնարավորություն չունեն մարզվելու, որոշակի պարապմունքներ անցկացնելու, քանի որ «Փլեյ սիթի»-ինը ՀՀ-ի միակ մրցուղին էր, որտեղ հնարավոր էր ինչ-որ բան պարապել։ Իրականում դա էլ պրոֆեսիոնալ չէր, համենայն դեպս, ունեինք այն, ինչ ունեինք, փորձում էին այդտեղ կազմակերպել մեր պարապմունքները, երեխաներին բերել մակարդակի, որ հնարավորություն ունենայինք միջազգային հարթակներում հանդես գալ և բարձրացնել ՀՀ դրոշը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց Հայկական ավտոսպորտի ակադեմիայի (AAA) հիմնադիր, «SH Racing»-ի համահիմնադիր Սիրական Համբարձումյանը։
Նա վստահեցրեց՝ քննչական կամ քաղաքական հարցերի հետ կապ չունեն․ «Զուտ խոսում եմ սպորտի զարգացման մասին։ Խնդիրը հետևյալն է՝ պարապմունքների բացակայության պատճառով երեխաների մոտ կորչում է ֆիզիկական պատրաստվածությունը, մկանային հիշողությունը, որը շատ կարևոր է մեր մարզիկների համար»։
Այնուհետև տեղեկացրեց, որ Հայկական ավտոսպորտի ակադեմիայի, «SH Racing»-ի, մարզիչի, ծնողների կողմից նամակ են հղել քննչական մարմիներին և դատախազությանը խնդրանքով, որ իրենց թույլ տան որոշակի ժամերի մուտք օգտագործել «Փլեյ սիթի»-ի մրցուղի․ «Այլընտրանք չկա։ Հիմա փորձում ենք հասկանալ՝ կա՞ նման հնարավորություն, թե՞ ոչ։ Ոչ մի բան չենք հասկանում ոչ այդ քննչական, ոչ այլ գործողություններից, դրա համար դիմել ենք նրանց։ Գոյություն ունի միջազգային փորձ․ նմանատիպ դեպքերում, երբ քննչական գործողություններ են իրականացվում որևէ սպորտային հիմնարկում, սպորտային մասը դրանից չի տուժում, միշտ գտնում են լուծումներ, որ սպորտային հատվածը բաց մնա և չխանգարի մարդկանց կրթվելուն և զարգանալուն։ ԿԳՄՍ-ին էլ ենք դիմել, փորձում ենք այնտեղից էլ հասկանալ՝ կա արդյոք որոշակի հնարավորություն, որ մեզ տրամադրեն օրեր ու ժամեր, որ այդ պարապմունքները կարողանանք անցկացնել»։
Հարցին՝ եթե իրենց չընդառաջեն, պատրաստվո՞ւմ են տարբեր ակցիաներ իրականացնել, այլ քայլեր ձեռնարկել, նա պատասխանեց․ «Ակցիաներ չենք պլանավորել․ ուրիշ միջոցներ ենք փնտրում։ Իմ կարծիքով՝ պետական բոլոր մարմիններում ադեկվատ մարդիկ են, այդ ամենը հասկանում, տեսնում են, որ այդ ամենը հնարավոր չէ կազմակերպել, օրինակ՝ գնալ Վրաստանում պարապել, դա դժվար է կազմակերպելը։ Իհարկե, կփորձենք գտնել լուծումներ, ֆիզիկական վարժություններ, բայց մկանային հիշողությունը, որ կորցնում ես, դրանից հետո մկանները ճիշտ չեն աշխատում»։
Սիրական Համբարձումյանն ի պատասխան լրագրողների հարցերի ասաց, որ ՀՀ-ում երբեք ավտոմրցուղի չի եղել, «Փլեյ սիթի»-ն էլ իրենց անվճար էր տրամադրում ավտոմրցուղին։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: