Բրիտանական սպորտային ավտոմեքենաներ արտադրող McLaren Automotive ընկերությունը նախատեսում է 500 մլն ֆունտ ստերլինգ (675 մլն դոլար) ներդնել Մեծ Բրիտանիայում արտադրության ընդլայնման և նոր մոդելների թողարկման համար։ Դրանց թվում կլինի նաև ընկերության առաջին ամենագնացը՝ SUV դասի մոդելը, հայտնել է ընկերությունը։
Ներդրումային ծրագիրը նախատեսում է նոր հավաքման գործարանի կառուցում, ինչպես նաև սեփական փոխանցման տուփերի և շարժիչների մշակում ու արտադրություն։ Այս ծրագրերի իրականացումը մինչև 2032 թվականը Մեծ Բրիտանիայում թույլ կտա ստեղծել 1000 նոր աշխատատեղ։
McLaren-ի՝ Մեծ Բրիտանիայում արտադրական անձնակազմի թվաքանակը կկրկնապատկվի։ Ընկերությունը նախատեսում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել մասնագիտական վերապատրաստման նոր ծրագրերին, որոնք ուղղված կլինեն մասնագետների նոր սերնդի պատրաստմանը:
«Այս ներդրումները մեզ համար աճի, զարգացման և այն առանձնահատկությունների ամրապնդման նոր հնարավորություններ են ստեղծում, որոնք մեզ տարբերում են մյուսներից։ Մենք ներդրումներ ենք կատարում մարդկանց, տեխնոլոգիաների և արտադրանքի մեջ, ինչը թույլ կտա մեզ մրցունակ մնալ առաջիկա տասնամյակների ընթացքում», – հայտարարել է McLaren-ի գլխավոր գործադիր տնօրեն Նիկ Քոլինզը։
Ծրագրի ֆինանսավորումը կտրամադրի McLaren-ի սեփականատեր Աբու Դաբիի պետական հիմնադրամը՝ L’imad-ը, որն այս տարեսկզբին հայտարարել էր առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունում 1.5 մլրդ ֆունտ ներդնելու մտադրության մասին։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։