Պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի հայկական կրոնական ժառանգության վերաբերյալ իր քաղաքականությունը և այս անգամ հայերին մեղադրել է հայկական եկեղեցում վերականգնման աշխատանքներ կատարելու ու «գողության» մեջ։
Մասնավորապես, Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան դժգոհություն է հայտնել, որ հայերը Դադիվանքում 1997-2011 թվականներին վերականգնման աշխատանքներ են կատարել Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Եկեղեցու միջոցներով, հայտնում է Factor.am-ը:
«2014 թվականից սկսած՝ իրականացվել է նաև վանքի եզակի որմնանկարների վերականգնում։ Քելբաջարի շրջանից հեռանալիս օկուպացիոն ուժերը թալանել են Խուդավենքի (նկատի ունի Դադիվանք) վանական համալիրը, ՀՀ են տեղափոխել համալիրին պատկանող խաչերը, զանգերը և այլ տարրեր, այդ թվում՝ պատերից կտրել և հափշտակել են որմնանկարները, որոնք հետագայում արտասահմանում տարբեր ցուցահանդեսների ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի արվեստի գործեր։
Այս կապակցությամբ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Խուդավենգի (Դադիվանք) վանքից ապամոնտաժված և երկրի տարածքից ապօրինի դուրս բերված որմնանկարների ու խաչքարերի վերաբերյալ տեղեկությունները ներառվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։ Սա նախատեսում է միջազգային իրավապահ մեխանիզմների կիրառում՝ նշված արտեֆակտները Ադրբեջանի Հանրապետություն վերադարձնելու համար, եթե դրանք հայտնաբերվեն Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկի տարածքում»,-ասել է նա։
Բացի այդ, ադրբեջանական պետական քարոզչությունը սկսել է նաև ՀՀ տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու խաչքարերը ներկայացնել որպես, այսպես կոչված, աղվանական ժառանգություն։ Մասնավորապես, Բաքվի նախաձեռնությամբ ստեղծված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ գտնվող ալբանական՝ աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով»։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Արցախի տարածքներ, հայկական Գանձասար և Դադիվանք վանքերի անվանումները փոխել է՝ դրանք կոչելով Գանջասար և Խուդավենք։ Նա նաև այդ վանքերը ներկայացրել է որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։
Բաքուն շարունակում է առաջ մղել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, որի միջոցով ներկայացնում է ՀՀ նկատմամբ իր տարածքային հավակնությունները։