«Հաղթանակ» զբոսայգու 10,000 քմ հողատարածքը կվերադարձվի պետությանը (PAN.am)

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին. Վերաքննիչ վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը:

Վարչական դատարանի՝ 2024 թվականի մարտի 11-ի վճիռն ամբողջությամբ բեկանվել և փոփոխվել է։

Գլխավոր դատախազության կողմից հայց ներկայացնելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի՝ «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասը «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարելու մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 1619-Ա որոշմամբ ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարվել է 10000 քմ մակերեսով հողամաս։ Նշված տարածքը գտնվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակման տիրույթում և օտարման ենթակա չի եղել։

Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, որպես դրա հետևանք, անվավեր կճանաչվեն նաև Երևանի քաղաքապետի վերոնշյալ որոշման լրացումները։ Անվավեր կճանաչվեն նաև Երևանի քաղաքապետի և ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերության միջև 2008 թվականի մայիսի 29-ին կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 4204 պայմանագիրը և ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Արդյունքում «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։

Leave a comment