Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի մոտ․ վիրավորվել է առնվազն 8 մարդ

Քաղաքականություն

22.09.2026 | 12:04

Թուրքիայում Մանիսա նահանգի Թուրղութլու շրջանում անհայտ անձը կրակ է բացել ավագ դպրոցի մոտ, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մի քանի աշակերտ է վիրավորվել, գրում է Turkiye today-ը։

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում՝ Թուրգութլուի Ալբայրաք թաղամասում, Ինջի Ուզմեզի մասնագիտական և տեխնիկական անատոլիական ավագ դպրոցի մոտ։ Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը դպրոցի մոտ անկանոն կրակոցներ է արձակել։

Հարձակման հետևանքով աշակերտներ են վիրավորվել։

Հարձակման մասին լուրը խուճապ է առաջացրել։ Ծնողները շտապել են դպրոց, բախումներ են տեղի ունեցել դպրոցի մոտ հավաքվածների և իրավապահների միջև, որոնք անվտանգության միջոցառումներ են իրականացրել դպրոցի տարածքի շուրջ։

Մանիսայի նահանգապետարանը X-ում հայտարարության մեջ նշել է, որ «ահազանգը ստանալուց հետո մեծ թվով ոստիկաններ և բուժաշխատողների խմբեր են ուղարկվել դեպքի վայր։ Նախնական տվյալների համաձայն՝ տուժել է 8 մարդ»։ Նշվում է, որ վիրավորները տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություն։ Միջադեպից հետո կասկածյալը ձերբակալվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment