Կիլիան Մբապեն հեռացել է Nike-ից և պայմանագիր կնքել շվեյցարական On Holding AG-ի հետ

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն խզել է Nike Inc.-ի հետ երկարամյա համագործակցությունը և գործընկերության պայմանագիր կնքել սպորտային կոշիկներ և այլ մարզական արտադրանք թողարկող շվեյցարական On Holding AG-ի հետ: Այս մասին հայտնել է On ընկերությունը։

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած և Մադրիդի «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստը դարձել է ապրանքանիշի դեսպան և բաժնեմաս է ստացել ընկերության բիզնեսում։

Ընկերությունը նախատեսում է իր ֆուտբոլային խաղակոշիկները ներկայացնել 2027 թվականին։ On-ը նաև հայտարարել է «Արսենալի» լեգենդ Թիերի Անրիին «ֆուտբոլի տնօրեն» (director of football) պաշտոնում նշանակելու մասին։

Հիշեցնենք՝ Մբապեն Nike-ի հետ համագործակցող գլխավոր աստղերից մեկն էր։ Ամերիկյան ընկերության գործընկերն է նաև Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն նրա կարիերան մոտենում է ավարտին, մինչդեռ 27-ամյա ֆրանսիացին իր կարիերայի գագաթնակետին է, նշում է Reuters-ը։

«Մենք հպարտ ենք թե խաղադաշտում, թե դրանից դուրս մեր համատեղ ձեռքբերումներով։ Մբապեին հաջողություն ենք մաղթում նրա կարիերայի նոր փուլում», – հայտարարել է Nike-ը։

Leave a comment