Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Քաղաքականություն

22.09.2026 | 11:29

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, ձգտում են նվազեցնել Սև ծովում էսկալացիայի ռիսկերը և աջակցում են Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու նպատակով երկխոսությանը՝ պահպանելով կապի ուղիները Կիևի և Մոսկվայի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը  «Թուրք-ամերիկյան հարաբերությունները՝ 100-ամյակի ճանապարհին» խորագրով քննարկման ժամանակ ունեցած ելույթում, որը կազմակերպել է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչությունը, գրում է Անադոլուն։

«ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների երկրորդ հարյուրամյակում մեր նպատակն է թուրք-ամերիկյան գործընկերությունն օգտագործել հանուն համաշխարհային խաղաղության և կայունության ընդհանուր բարօրության»,- ասել է նախարարը։

Խոսելով Թուրքիայի միջնորդական ջանքերի մասին՝ Ֆիդանը հայտնել է, որ Անկարան կապ է պահպանում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և նախագահի խորհրդական Ջարեդ Քուշների հետ։ Նրա խոսքով՝ Թուրքիան և ԱՄՆ-ը համակարգում են իրենց գործողությունները ռուս-ուկրաինական հակամարտության, Գազայի խաղաղության ծրագրի, Լիբիայի, Աֆրիկյան եղջյուրի և Հարավային Կովկասի հարցերի շուրջ։

Ըստ Ֆիդանի՝ Անկարան և Վաշինգտոնը համագործակցում են տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ՝ Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս և Բալկաններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment