Եվրոպական փորձը փոխում է հայկական քոլեջները․ ի՞նչ տվեց Erasmus+ QA4VET ծրագիրը

Սեպտեմբերի 14-18-ը Erasmus+ QA4VET (Փորձնական հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի ՄԿՈՒ՝ մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում) ծրագրի շրջանակում Գերմանիայի Օֆենբախ քաղաքում կայացավ աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում իրականացված փորձնական հավատարմագրման արդյունքներին։

Աշխատաժողովը հյուրընկալել էր Մասնագիտական ուսուցման, աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության ինստիտուտը (INVOLAS): Աշխատաժողովի առանցքային ուղղություններից էր փորձնական հավատարմագրման ձեռնարկի մեթոդաբանության, գործիքների և հավելվածների վերջնականացումը, ներառյալ՝ Հայաստանի ՄԿՈՒ հաստատությունների թվային և կանաչ գործունեությանը նպաստելուն ուղղված առաջարկությունների մշակումը։

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է QA4VET նախագծի համակարգող՝ Ռումինիայի նախնական կրթության որակի ապահովման գործակալության (ARACIP) խորհրդի նախագահ Մարիանա Դոգարուի հետ։

«Մենք և մեր գերմանացի գործընկերները հայկական կողմի հետ կիսվեցինք կանաչ և թվային անցումներին վերաբերող եվրոպական միտումներով, իսկ Հայաստանի մեր գործընկերները ներկայացրին իրենց փորձը՝ որպես Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի ներկայացուցիչներ։ Սա միմյանցից սովորելու և հայաստանյան քոլեջներում կրթությունը բարելավելու լավ հնարավորություն էր, նաև աջակցություն ստանալու հնարավորություն էր, քանի որ կրթությունը կենսակերպ է՝ ոչ միայն ընթացակարգերի և մեթոդաբանությունների ամբողջություն, այլև մտածելակերպ»,-ասաց Մարիանա Դոգարուն։

«Ուսումնասիրությունն ու նախագիծը մեզ սովորեցրին, թե ինչպես են դպրոցներն իրականացնում որակի ապահովման միջոցառումները։ Կառավարման համակարգերը երկար տարիներ շատ լավ են ներդրված եղել, սակայն եկել է ժամանակը վերանայելու և նույնիսկ հենց համակարգը բարելավելու։ Որակի կառավարման համակարգերը լավ հնարավորություններ են տալիս օգտվելու կուտակված փորձից, օրինակ՝ Ռումինիայի փորձից»,-հավելեց մեր զրուցակիցը։

«Երբ 2005 թ. ընդունվեց կառավարության որոշումը, կառավարման համակարգերի ներդրումը դարձավ անհրաժեշտություն։ Նախաբուհական կրթության որակի ապահովման ռումինական գործակալությունը վերահսկում է բոլոր դպրոցները՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր՝ սկսած մանկապարտեզից մինչև հետմիջնակարգ կրթության մակարդակը։ Սա մեծ կրթական համակարգ է, և այս բոլոր մակարդակներում անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն։

2005 թվականից սկսած՝ ունեցանք որակի մասին օրենք և որակի առաջին ազգային չափորոշիչները։ Մենք սահմանեցինք գնահատման երեք տեսակ՝ լիազորման նպատակով գնահատում, երբ դպրոցը սկսում է գործել կամ ամբողջական կրթական ցիկլից հետո բացում է նոր մակարդակ, հավատարմագրում և պարբերական վերագնահատում։ Դպրոցներն իրականացնում են ինքնագնահատում, իսկ ազգային չափորոշիչներն ուղղորդում են այդ գործընթացները։

Այժմ մենք մտածում ենք հետագա փոփոխությունների մասին, քանի որ 2023 թ. մեր Կրթության մասին օրենքը փոփոխության ենթարկվեց։ Մենք ցանկանում ենք շեշտադրել կրթության որակի հիմնական գաղափարը՝ ոչ միայն ստանդարտ ընթացակարգերի կամ պարզ համապատասխանության ապահովման տեսանկյունից, այլև ուսումնական ծրագրի իրականացման առումով՝ ինչպես մշակել ուսումնական ծրագիրը, ինչպես սահմանել ուսանողների ակնկալվող արդյունքները և ինչպես կազմակերպել կրթական գործընթացը՝ այդ արդյունքներն ապահովելու համար։ Այդ պատճառով մենք անցում ենք կատարում դեպի ավելի գործառութային մեթոդաբանություն և անմիջական աջակցության տրամադրում»,-մանրամասնեց Ռումինիայի նախնական կրթության որակի ապահովման գործակալության խորհրդի նախագահը։

Նա նաև ընդգծեց. «Ինձ դուր է գալիս Հայաստանի մոտեցումը, քանի որ նախագիծն անմիջական աջակցություն մեծ տրամադրեց ընթացակարգերի մշակման և գնահատումների իրականացման գործում։ Նախագիծը նաև հնարավորություն է միմյանց կապելու հաստատությունները, ձևավորելու երկարատև բարեկամական հարաբերություններ և իսկապես ճանաչելու միմյանց»։

Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրեն Նարա Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց քոլեջի համար Erasmus+ QA4VET ծրագրին մասնակցությունը կարևոր մասնագիտական ձեռքբերում է և զարգացման նոր մշակույթ ձևավորելու հնարավորություն։

«Ծրագրի շրջանակում հնարավորություն ունեցանք մեր աշխատանքը դիտարկել միջազգային չափանիշների և փորձի համատեքստում, մասնակցել փորձնական հավատարմագրման գործընթացին, ծանոթանալ որակի ապահովման նոր մոտեցումներին և անմիջականորեն հաղորդակցվել եվրոպական, մասնավորապես՝ գերմանական մասնագիտական կրթության փորձին։ Գերմանացի փորձագետների հետ շփումն առանձնահատուկ արժեք ուներ, քանի որ հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալու այլ կրթական համակարգի գործելակերպին, այլև վերաիմաստավորելու մեր սեփական մոտեցումները։

Մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունեցավ միջազգային մասնագիտական կրթության հաստատությունների փորձին ծանոթանալու, այն մեր կրթական միջավայրի և կարիքների հետ համադրելու և լավագույն փորձից քոլեջի զարգացման համար կիրառելի լուծումներ առանձնացնելու հնարավորությունը։ Այս փորձը կարևոր հիմք է ուսումնական գործընթացի շարունակական բարելավման, որակի ապահովման նոր մոտեցումների ներդրման, ուսանողների ավելի ակտիվ ներգրավվածության և աշխատաշուկայի հետ համագործակցության առավել արդյունավետ մեխանիզմների ձևավորման համար։ Մեզ համար միջազգային համագործակցության գլխավոր արդյունքը, ի վերջո, ոչ թե միայն ձեռք բերված նոր գիտելիքն է, այլ այն մարդիկ են, մասնագիտական կապերն ու նոր մտածողությունը, որոնք վերադառնում են քոլեջ և դառնում փոփոխության ներքին ռեսուրս։

Մենք հավատում ենք, որ ժամանակակից ՄԿՈՒ հաստատությունը պետք է լինի ոչ միայն կրթություն տրամադրող, այլև ինքն իրեն շարունակաբար զարգացնող, միջազգային փորձից սովորող և աշխատաշուկայի փոփոխություններին արագ արձագանքող կազմակերպություն։ QA4VET-ի շրջանակում ձեռք բերած փորձը մեզ համար հենց այդ ճանապարհի կարևոր քայլերից մեկն է»։

Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի փոխտնօրեն Վարուժան Գասպարյանի խոսքով, ծրագիրը հնարավորություն ընձեռեց նոր հայացքով նայել կրթական միջավայրին, նոր էներգիայով ու պատկերացումներով ձևավորել կրթական համակարգը։ «Այս ամենի վրա մեծ ազդեցություն ունեցան մեր այցերը եվրոպական կրթական հաստատություններ, համագործակցությունը: Մենք տեսանք, թե որակյալ կրթությունն ինչպես է իրականացվում։ Մենք հասկացանք, որ որակյալ մասնագետներ պատրաստելու առաջին նախապայմանը մասնագիտական լաբորատորիաներ ունենալն է և համապատասխան բարձրակարգ մասնագետների առկայությունը։ Մեզ էներգիա հաղորդեցին մեր նոր գործընկերների հետ կապերը և կոնսորցիումի անդամների և այցերի ժամանակ ձեռք բերված համագործակցությունները: Մենք վստահ ենք, որ այս ծրագրի արդյունքում կմշակենք այնպիսի համակարգ, որը թույլ կտա ուսումնական հաստատություններին և՛ գնահատել, և՛ հնարավորություն կընձեռի, որ ուսումնական հաստատությունները կատարեն քայլեր, որոնք ուղղված կլինեն որակի բարելավմանը»,-ասաց Վարուժան Գասպարյանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment