Կոֆեինը ամենատարածված բնական խթանիչներից մեկն է. թեև այն կարող է բարձրացնել զգոնությունն ու բարելավել կենտրոնացումը, դրա օգտագործումը միշտ չէ, որ անվտանգ է։ Այս մասին «aif.ru»-ին հայտնել է Գենետիկական հետազոտությունների ազգային կենտրոնի գենետիկ Անաստասիա Սիվակովան։
Նրա խոսքով՝ այն կարող է ռիսկեր պարունակել տարեցների, երեխաների և հղի կանանց համար։ Մասնագետը նշել է, որ ապագա մայրերի համար կոֆեինի չափից ավելի օգտագործումը վտանգավոր է, քանի որ մեծացնում է սակավարյունության, վաղաժամ ծննդաբերության և նորածնի ցածր քաշի հավանականությունը։
Այս խթանիչի մեծ չափաբաժինների օգտագործումը կարող է վնասել նույնիսկ երիտասարդ և առողջ մարդկանց՝ հնարավոր է առաջացնելով տագնապ, անքնություն, գլխացավեր և այլ տհաճ ախտանիշներ։
«Թեև այն չի դասակարգվում որպես հոգեակտիվ նյութ նույն կերպ, ինչ ալկոհոլը, դրա օգտագործման կտրուկ դադարեցումը կարող է հանգեցնել աբստինենցիայի դրսևորումների, ինչպիսիք են հոգնածությունը, քնկոտությունը և գլխացավը։ Բացի այդ, կոֆեինը կարող է կախվածություն առաջացնել։ Հարկ է նաև նշել, որ կանոնավոր և հաճախակի օգտագործման դեպքում կոֆեինի հոգեխթանիչ ազդեցությունը թուլանում է օրգանիզմի կողմից դրա նկատմամբ հանդուրժողականություն (տոլերանտություն) ձևավորվելու պատճառով», – նշվում է հրապարակման մեջ։