Տեսնելով ոստիկաններին՝ տղամարդը նետել է փաթեթն ու դիմել փախուստի (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 18-ին։ Ցերեկվա ժամը երկուսին մոտ Կապան-Երևան ճանապարհին, Վերին Խոտանան գյուղի ցուցանակի տակից փաթեթ վերցնելու պահին քրեական ոստիկանները մոտեցան նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդուն։ Տեսնելով իրավապահներին՝ տղամարդը նետեց փաթեթն ու դիմեց փախուստի, սակայն արագ էլ բռնվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն։ Փաթեթը նետելու վայրը վերցվեց պահպանության։
Կազմված փաստաթղթերը և 42-ամյա տղամարդը ներկայացվեցին Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց նետած փաթեթը։ Այն պարունակում էր մոտ 1400 գրամ մարիխուանա։
Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։