Հայաստանի զարգացման հետագա վեկտորի վերաբերյալ որոշումը մնում է երկրի քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական հիմնախնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նա հույս է հայտնել, որ հայ հասարակությունը կկարողանա օբյեկտիվորեն գնահատել Եվրամիության հետ մերձեցման հնարավոր ռիսկերը։
«Երկրի զարգացման վեկտորի վերջնական ընտրությունը ցանկացած դեպքում մնում է Հայաստանի քաղաքացիներին։ Այս առումով ցանկանում եմ հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել այն «եվրաինտեգրացիոն» արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանց այժմ ներքաշում են», — ասել է Մասլեննիկովը։
Հիշեցնենք՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն այն բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության առումով։ Նա Փաշինյանին առաջարկեց ԵՄ անդամակցության հարցում ընտրության հնարավորություն տալ Հայաստանի ժողովրդին և հարցնել՝ ինչ են ցանկանում մարդիկ։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Այս ֆոնին «Ռոսսելխոզնադզորը» 2026 թ. մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով։
Հավելենք՝ Հայաստանը կանգնեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև 2025 թվականի մարտին Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո։