Երբ դուրս են գալիս Հայաստանի անկախության տոնական փաթեթից, ցավով պետք է արձանագրենք, որ այդ անկախությունից մնացել է թերեւս շատ քիչ բան, ու ավելի շուտ թերեւս նաեւ՝ զուտ խորհրդանշական։ Իրական գետնի վրա կա «Իրական Հայաստանի» իշխող «գաղափարաբանությունը» կամ «կոնցեպտը», որն այլ բան չէ, քան Հայաստանի հանրությանը ադրբեջանական պետականության ռազմավարական պատկերացումներին ադապտացնելու տեղեկատվա–քարոզչական արշավ։
Դա ունի նաեւ «պահեստային» կամ զուգահեռ անվանում, փաթեթ՝ «Չորրորդ հանրապետություն»։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայանալ դրա ճարտարապետ, թեեւ գործնական քաղաքականության մակարդակում նա ոչ թե ճարտարապետն է, այլ՝ «շինարարը», նույնիսկ հնարավոր է ասել՝ «սեւագործ աշխատանքը» իրականացնողը, որովհետեւ «Իրական Հայաստան»–«Չորրորդ հանրապետության» ճարտարապետը իրական քաղաքական ռեժիմում Ադրբեջանն է։
Ավելին, հնարավոր է նույնիսկ, որ Ադրբեջանը «Չորրորդ հանրապետության» այսպես ասած «գլխավոր կապալառուն» է, իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա առաջնորդած ՔՊ–ն՝ «ենթակապալառու»։ Ով է նախագծի պատվիրատուն։ Սա թերեւս բարդ հարց է, որովհետեւ նկատելի է, որ աշխարհաքաղաքական միջավայրում այս նախագիծը ընդհանուր առմամբ լեգիտիմ կամ պահանջված է բոլոր կողմերում, բոլոր հիմնական շահառուների շրջանում։
Այդ պատճառով էլ ոչ միայն որեւէ մեկը չի խանգարում «ենթակապալառու» Փաշինյանին իրականացնել իր աշխատանքը, այլ նույնիսկ ցուցաբերում է օժանդակություն՝ ամեն մեկը յուրովի։ Ցավոք, դա է 35–ամյա հայկական պետականության ներկայիս առօրյան։ Իսկ ամբողջ հարցն այն է, որ իրական պետությունը առօրյան է, ոչ թե տոնական պճնանքը։ Հետեւաբար, պետությունը, պետականությունը գնահատող իրական հանրային միտքը պետք է կենտրոնանա առօրյայի վրա։ Հակառակ պարագայում, ընդամենը տոնական պճնանքի վերածված պետությունը շատ արագ վերածվում է պարզապես հիշողության։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: