Ամերիկյան հեռուստաընկերությունները բոյկոտի պատճառով Թրամփի ելույթն առանց ձայնի են ցուցադրել (տեսանյութ)

ԱՄՆ հեռուստաընկերությունները նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը եթեր հեռարձակել են առանց ձայնի Սպիտակ տան մամուլի խմբի (press pool) կողմից իրականացված բոյկոտի պատճառով։

Ավելի վաղ նախագահը զրկել էր Politico, CNN և MSNBC լրատվամիջոցների թղթակիցներին Սպիտակ տուն մուտք գործելու հնարավորությունից։ «Fox News»-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը համերաշխություն են հայտնել իրենց գործընկերներին և հրաժարվել լուսաբանել Թրամփի գործունեությունը, քանի դեռ սահմանափակումները գործում են։

Axios-ը նշել է, որ ԱՄՆ վարչակազմն իր հերթին տրամադրել էր նախագահի ելույթի տեսագրությունը՝ հեռարձակման համար ոչ պիտանի ձայնային որակով։ Սպիտակ տան մամուլի խումբը բաղկացած է մոտ 20 լրատվամիջոցների ներկայացուցիչներից. ուղիղ եթերի հեռարձակումը սովորաբար հերթափոխով իրականացնում են ABC, CBS, CNN, Fox News և NBC հեռուստաընկերությունները։

Լրագրողները նաև դատական ​​հայց են ներկայացրել վարչակազմի դեմ՝ կապված այդ արգելքի հետ։ Բոյկոտին զուգահեռ՝ Սպիտակ տունը հայտարարել է «Trump TV»-ն գործարկելու ծրագրերի մասին։ 

Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը բողոքարկելու է CNN-ի, Politico-ի և MSNBC-ի՝ սահմանափակումները վերացնելու ներկայացված հայցը։ ««Կեղծ լուրեր» տարածող լրատվամիջոցների և բացառապես բացասական նյութեր հրապարակող օրգանների ներկայացուցիչները, որոնք վտանգի են ենթարկում մեր ազգային անվտանգությունը՝ հղում կատարելով անհայտ «աղբյուրներին» և հրապարակելով կեղծ ու զրպարտչական պատմություններ, չպետք է հասանելիություն ունենան աշխարհի ամենակարևոր պաշտոնին առնչվող հաստատությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Leave a comment