«Ազատություն». Չեխական Seznam Zprávy պարբերականի հետաքննությունը պարզել է, որ կրեմլամետ Рыбарь մեդիա նախագիծը, որը ժամանակին միջամտել է նաև Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ ապատեղեկատվություն տարածելով, գործունեություն է ծավալել նաև Չեխիայում, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Մասնավորապես, Рыбарь-ի նկարահանող խմբերը մեկնել են Չեխիա և այլ եվրոպական երկրներ, որտեղ հարցազրույցներ են ձայնագրել քաղաքական գործիչների, լրագրողների և փորձագետների հետ: Ընդ որում, ըստ պարբերականի, հարցազրույց տված անձանց համար միշտ չէ, որ պարզ է եղել, թե որ նախագծի համար է նախատեսված տեսանյութը:
Seznam Zprávy-ի լրագրողները կարողացել են կապ հաստատել ցանցի անդամների հետ այն բանից հետո, երբ ապատեղեկատվության հարցերով փորձագետ Բոհումիլ Կարտուսին հարցազրույց է առաջարկվել: Seznam Zprávy-ն կազմակերպել է հանդիպումը Պրահայում և հետևել դրան թաքնված տեսախցիկներով: Նկարահանումներին ներկա են եղել ռուսներ Վիտալի Չաշչուխինը և Իգոր Դոլմատովը, որոնք բնակվում են Գերմանիայում:
Զրույցի ընթացքում Չաշչուխինը հաստատել է, որ աշխատում է Рыбарь նախագծի վրա: Երբ Seznam Zprávy-ի լրագրողները բացահայտել են իրենց ինքնությունը և սկսել են հարցեր տալ նախագծի վերաբերյալ, երկու ռուսներն էլ լքել են հանդիպման վայրը:
Հետաքննության տվյալներով՝ հարցազրույցների կազմակերպման և հարցազրույց տվողների որոնման համար պատասխանատու է եղել Մոսկվայում բնակվող Բորիս Դվորկինը։ Լրագրողները պարզել են, որ նրա նախագծերից մեկը ֆինանսավորել է Վլադիմիր Պուտինի հրամանագրով ստեղծված Ռուսաստանի Հայրենիքի պատմության հիմնադրամը, որի խորհրդի նախագահը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն է։ Ինքը՝ Դվորկինը, Seznam Zprávy-ի հետ զրույցում հերքել է, որ աշխատել է ռուսական հետախուզական ծառայություններում։
Рыбарь-ի հեղինակը՝ ԵՄ պատժամիջոցների տակ
Рыбарь-ի հիմնադիր Միխայիլ Զվինչուկը ԵՄ պատժամիջոցների տակ է: Պատժամիջոցների հիմնավորման մեջ նա նկարագրվում է որպես ռուս ռազմական բլոգեր և քարոզիչ, որն Ուկրաինայի դեմ պատերազմի մասին ապատեղեկատվություն է տարածում: Նաև նշվում է, որ նա Վլադիմիր Պուտինի կողմից 2022 թվականի դեկտեմբերին ստեղծված աշխատանքային խմբի անդամ է՝ Ուկրաինայի դեմ պատերազմի հետ կապված Ռուսաստանի մոբիլիզացիոն ջանքերը համակարգելու համար:
ԵՄ-ն Զվինչուկին նաև անվանում է ռուսամետ ռազմական Рыбарь-ի ալիքի ստեղծող, որը տարածում է տեղեկատվություն Ռուսաստանի ռազմական գործողությունների և ուկրաինական դիրքերի մասին, ինչպես նաև ապատեղեկատվություն և կրեմլամետ քարոզչություն: Նախագծի ռուսալեզու Telegram ալիքն ունի ավելի քան 1.5 միլիոն բաժանորդ, իսկ ալիքի անգլերեն տարբերակը՝ գրեթե 80,000:
Զվինչուկի պատժամիջոցների տակ լինելու պատճառով նախագծի հետ համագործակցությունը կարող է նաև իրավական հետևանքներ ունենալ ԵՄ-ում նրա հետ աշխատողների համար:
Ինչպես պարզաբանել է Չեխիայի ֆինանսական վերլուծության գրասենյակը, պատժամիջոցների ենթարկված անձի կողմից վերահսկվող ընկերությանը ծառայություններ մատուցելը կարող է համարվել այդ անձին տնտեսական ռեսուրսների անուղղակի տրամադրում: Չեխիայի Հանրապետությունում պատժամիջոցների խախտումը ենթադրում է մինչև 50 միլիոն կրոն տուգանք (մոտ 2 մլն եվրո), իսկ որոշ դեպքերում՝ քրեական պատասխանատվություն:
Այլ հարցազրույցներ
Seznam Zprávy-ն պարզել է, որ Рыбарь-ի ներկայացուցիչները Չեխիայում արդեն այլ հարցազրույցներ էին ձայնագրել: Մասնավորապես, չեխական ռազմական հետախուզության նախկին ղեկավար Անդոր Շանդորը հաստատել է, որ խոսել է նկարահանող խմբի հետ: Նա ասել է, որ ավելի ուշ հետ է վերցրել ձայնագրությունն օգտագործելու իր համաձայնությունը, քանի որ դժգոհ է եղել կազմակերպիչների վարքից և հարցերի բովանդակությունից:
Հետաքննությունը պարզել է, որ Չեխիայի Հանրապետությունը մեկն է միայն այն երկրներից, ուր նախատեսվում էր նախագծի աշխատանքը։ Նկարահանումներ էին նախատեսված նաև Սլովակիայում, Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ավստրիայում, Հունգարիայում, Բելգիայում և Ֆրանսիայում։ Հետևաբար, ըստ Seznam Zprávy-ի, սա մեկ առանձին ուղևորություն չէր, այլ եվրոպական լսարանի համար բովանդակության արտադրության ցանց ստեղծելու փորձ։
ՄԹ պատժամիջոցների տակ և ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում
2026 թվականի հուլիսին Միացյալ Թագավորությունը նույնպես պատժամիջոցներ կիրառեց Рыбарь-ի դեմ։ Սահմանափակումները տարածվեցին նաև նախագծի հետ կապված տասը անձանց վրա, այդ թվում՝ դրա ղեկավարության և բովանդակության ստեղծողների վրա։ Բրիտանական իշխանությունները պնդում էին, որ Рыбарь-ը ֆինանսավորվել է Ռուսաստանի կողմից, տարածել է կեղծ պատմություններ Ուկրաինայի մասին և միջամտել է եվրոպական ընտրություններին, այդ թվում՝ Մոլդովայում և Հայաստանում։
Միացյալ Նահանգներում նախագծի գործունեությունն ուշադրություն գրավեց 2024 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մինչև 10 միլիոն դոլար պարգևատրում առաջարկեց Рыбарь-ի աշխատակիցների մասին տեղեկատվության համար։ Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ նախագիծը տեղեկատվական արշավ է իրականացրել՝ ուղղված հասարակական անհամաձայնություն հրահրելուն և նախագահական ընտրություններին միջամտելուն։
ԱՄՆ-ի տվյալներով՝ Рыбарь-ը նախկինում ֆինանսավորվել է «Վագներ» մասնավոր բանակի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից, իսկ նախագիծը պատվերներ է ստացել նաև ռուսական պետական պաշտպանական «Ռոստեխ» կոնցեռնից։
2026 թվականի փետրվարին OpenAI-ը հայտնեց Рыбарь ցանցի հետ կապված օգտահաշիվների արգելափակման մասին: Ընկերության տվյալներով՝ դրանք օգտագործվել են ChatGPT-ի միջոցով տարբեր լեզուներով մեծ քանակությամբ կարճ հաղորդագրություններ ստեղծելու համար, որոնք այնուհետև տարածվել են X-ի և Telegram-ի միջոցով: Ըստ OpenAI-ի՝ դրա նպատակն էր տպավորություն ստեղծել, թե տարբեր երկրներից իրական օգտատերերի ռուսամետ հաղորդագրություններ են հրապարակում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: