Եռաբլուրը նվիրական վայր է մեզ համար, հարցազրույցի վայր չէ և մենք հարցազրույցներ չենք տալիս։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։
«Նվիրական վայրերը մեզ համար աղոթքի, մեզ համար խոկումի և ապրումի վայրեր են։ Առավոտյան արդեն, որքան գիտեմ, հրապարակել են մեր ուղերձը, մեր պատգամը, մեր մաղթանքը մեր ժողովրդին։ Վերստին մեր հայցն ու աղոթքը մենք այսօր առ Աստված բարձրացրեցինք մայր տաճարում՝ նշելով Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը։ Եվ մեր խնդրանքը առ Աստված մատուցեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը, հայրենի մեր երկիրը և մեր ժողովուրդը։
Այնուհետև եկանք այստեղ նույնպես մեր աղոթքը մատուցելու մեր զոհված զավակների հիշատակի համար, մեր խոնարհումը բերելու նրանց հիշատակի առջև և հայցելու միաժամանակ, որ ազգի զավակունք, ինչպես Հայաստանում, այնպես էլ ի սփյուռս աշխարհի, ոգեշնչվեն քաջարի ոգով մեր հերոս զավակների և նվիրումով, հանձնառությամբ իրենց ծառայությունը բերեն մեր պետականության ամրապնդման, մեր հայրենիքի զորացման, մեր ժողովրդի օրհնյալ և բարօր կյանքի համար։ Թող Տերը օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին և ապրենք համերաշխ, միասնական և իրականություն դարձնենք նաև մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար իրենք իրենց նվիրական, իրենց թանկագին կյանքը ընծայեցին։
Տերը թող միշտ իր աջ ու հովանի դարձնի մեր հայրենիքի և մեր ժողովրդի վրա, ապրենք խաղաղության մեջ, ապրենք համերաշխ և անվրդով կյանքով»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասի ուղեկցությամբ այսօր այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու հոգևորականները ծաղիկներ խոնարհեցին զինվորական պանթեոնում, այնուհետև աղոթք հնչեցրեցին հանուն հայրենիքի զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար։ Վեհափառը ծաղիկներ խոնարհեց նաև «Արցախի կանչը» հուշահամալիրում։