Ողբերգություն Պերուում․ ուղիղ եթերում սպանվել է լրագրող և քաղաքական գործիչ Սուսի Ապոնտե Պոլոն

Պերուում ողբերգական դեպք է գրանցվել․ նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղիղ եթերում սպանվել է հայտնի լրագրող և տարածաշրջանային ընտրությունների թեկնածու Սուսի Ապոնտե Պոլոն (հայտնի է նաև «China Polo» կեղծանվամբ)։

Միջադեպը տեղի է ունեցել Անկաշ շրջանի Կարաս քաղաքում, երբ լրագրողը կողմնակիցների հետ շրջում էր տեղի շուկաներից մեկում և իրականացնում իր քարոզարշավը։ Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ իրադարձությունները հեռարձակվում էին սոցիալական ցանցերի ուղիղ եթերում։ Անհայտ զինված անձը մոտեցել է նրան և կրակ բացել գլխի շրջանում, ինչի հետևանքով Ապոնտե Պոլոն տեղում մահացել է։

Սուսի Ապոնտե Պոլոն հայտնի էր տեղական իշխանությունների կոռուպցիոն գործարքների բացահայտումներով և հետաքննություններով։ Սպանությունից օրեր առաջ նա հրապարակավ հայտնել էր իր հասցեին ստացվող սպառնալիքների մասին։

Պերուի իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են կասկածյալի և իրականացնում են լայնամասշտաբ հետաքննություն՝ հանցագործության պատվիրատուներին և դրդապատճառները պարզելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment