«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը պատմել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ հանդիպման մասին։
Վարդանյանի խոսքով՝ խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հետ այցելել է Մանուկյանին և նրա հետ քննարկել քրեական գործը։
«Ես ինձ շատ լավ եմ զգում, ուրախ եմ, որ Ազգային ժողովում չեմ գտնվում»,- Մանուկյանի խոսքերը փոխանցել է Վարդանյանը։
Վարդանյանի խոսքով՝ Մանուկյանը մանրամասն պատմել է իր գործի մասին, այն անվանել շինծու և ներկայացրել իր նկատմամբ ճնշում գործադրելու բոլոր փորձերը։
Նա նաև փոխանցել է Մանուկյանի խոսքերը, ըստ որոնց՝ վերջինս պատրաստ է այդ զրկանքների միջով անցնել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, սակայն չի դավաճանի իր սկզբունքներին։
Վարդանյանը նաև կոչ է արել ազատ արձակել բոլոր նրանց, ում ինքը քաղաքական բանտարկյալներ է անվանում։
Մանուկյանը հուլիսի 9-ին երկու ամսով կալանավորվել էր պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման մեղադրանքով։ Ավելի ուշ նրա կալանքը ևս մեկ ամսով երկարաձգվել էր։
Ընդդիմադիր գործիչը և նրա քաղաքական ուժի ներկայացուցիչները գործը համարում են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և հայտարարում են ճնշումների մասին։