Լեհաստանն Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 1000 տագնապի շչակ է տեղադրել՝ ռուսական հարվածների պատճառով

Լեհաստանն ընդլայնում է արտակարգ իրավիճակների մասին ազդարարման համակարգը երկրի արևելքում՝ Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում ռուսական հարվածների հետ կապված ռիսկերի աճի պատճառով։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին, հայտնում է Polskie Radio-ն։

Նրա խոսքով՝ արևելյան սահմանի երկայնքով արդեն տեղադրվել է ավելի քան 1000 ավտոմատ տագնապի շչակ։ Համեմատության համար՝ 2024 թվականի սկզբին տարածաշրջանում հեռավար գործարկվող ընդամենը շուրջ 30 շչակ կար։

Կերվինսկին նշել է, որ վերջին շրջանում հրթիռների և հարվածային անօդաչուների թիրախում ավելի հաճախ են հայտնվում Ուկրաինայի՝ Լեհաստանի սահմանին մոտ գտնվող անցակետերն ու ենթակառուցվածքները։ Այդ պատճառով Վարշավան ուժեղացնում է քաղաքացիական պաշտպանության միջոցները։

Վերջին շրջանում ռուսական հարվածներ են գրանցվել Լեհաստանի սահմանին շատ մոտ։ Դրանց ֆոնին Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն օդ են բարձրացրել կործանիչներ, իսկ Լյուբլինի և Ժեշուվի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նաև հայտնել էր Դորոհուսկի սահմանային անցակետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղի ունեցած հզոր պայթյունի մասին։ Սեպտեմբերի 13-ին էլ ռուսական ԱԹՍ-ն հարվածել էր Ուկրաինայում գտնվող երկաթուղային կայարանում ուղևորատար գնացքի լոկոմոտիվին՝ Լեհաստանի սահմանից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։

Այս միջադեպերի ժամանակ Լեհաստանի օդային տարածքի խախտում չի արձանագրվել։ Վարշավան, սակայն, շարունակում է ուժեղացնել սահմանային անվտանգությունը։ Ուկրաինայի հետ ավելի քան 100 կմ երկարությամբ սահմանային հատվածում նախատեսվում է նաև էլեկտրոնային հսկողության համակարգ տեղադրել։

Leave a comment