Հայաստանում բացվել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը (ՖՈՏՈ)

Կենտրոնի նպատակն է երեխաների և պատանիների համար ստեղծել ֆուտբոլային զարգացման ամբողջական միջավայր․ ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում բացվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը, որի բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




Վարչապետը շրջայց է կատարել «Նոայի» մարզաբազայում, ծանոթացել ակումբում իրականացված ենթակառուցվածքային աշխատանքներին և զարգացման ծրագրերին։ Վերակառուցված մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը նախատեսված է մինչև 1,5 հազար երեխայի և պատանու համար։




Կենտրոնի նպատակն է երեխաների և պատանիների համար ստեղծել ֆուտբոլային զարգացման ամբողջական միջավայր՝ ապահովելով մարզումների, կրթության և հետագա մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։




Շրջայցի ընթացքում վարչապետին ներկայացվել են առաջին թիմի մարզումային կենտրոնը, բնական և արհեստական ֆուտբոլային խաղադաշտերը, ինչպես նաև նորաբաց մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է երեխաների մարզումների և ֆուտբոլային կրթության կազմակերպման համար ստեղծված պայմաններին, կենտրոնի հնարավորություններին և ակադեմիայի զարգացման ծրագրին։




Վարչապետին զեկուցվել է, որ շենքի ներքին տարածքներն ամբողջությամբ վերափոխվել են, իրականացվել են նաև կառուցվածքային ամրացման և սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ։




Կենտրոնում ստեղծվել են 15 ժամանակակից հանդերձարաններ, ուսումնական և վերլուծական կենտրոն, մրցավարների հանդերձարան, սպասասրահ և մարզումային ու կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ այլ տարածքներ։


Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև «Noah Park» նախագիծը և դրա առանցքային բաղադրիչներից մեկը՝ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի՝ 15 հազար հանդիսական տեղավորող ապագա մարզադաշտը։


Ներկայացվել են մարզադաշտի նախագծային լուծումները, նախատեսվող ենթակառուցվածքները և ծրագրի իրականացման հաջորդ փուլերը։

Leave a comment