ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության ընթացքում Հայաստանում բացված ընտրատեղամասերում ոչ մի արտառոց իրավիճակ չի գրանցվել, իսկ ընտրողների թիվն արդեն գերազանցել է 1800–ը:
Այս մասին դիվանագիտական ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Արվել է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ապահովվի քվեարկության անցկացումը Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև անվտանգ և պատշաճ քվեարկությունը։ Պետք է արձանագրեմ, որ արտառոց ինչ-որ իրավիճակներ չեն եղել։ Հուսանք, որ չեն էլ լինի»,– ասաց Կոպիրկինը։
Նա նաև երախտագիտություն հայտնեց հայկական կողմին՝ ռուսական ընտրատեղամասերի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների համար:
Դեսպանի խոսքով՝ ընտրողների հոսքը շարունակում է ակտիվ մնալ։ Ժամը 15:00-ի դրությամբ քվեարկել է 1808 մարդ: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի դեսպանատան և Գլխավոր հյուպատոսության ընտրատեղամասերը կաշխատեն մինչև Երևանի ժամանակով ժամը 20:00–ը: Պատասխանելով մասնակցության մասին հարցին՝ դեսպանը նշեց. «Կարծում եմ՝ ավելի բարձր կլինի մասնակցությունը, եկեք սպասենք ավարտին»:
Դիվանագետն ընդգծեց, որ Պետական դումայի ընտրությունները շատ կարևոր իրադարձություն են երկրի և նրա քաղաքացիների կյանքում:
«Շատ պատասխանատու փուլ ենք ապրում մեր պատմության մեջ, ոչ հեշտ փուլ, և այս համատեքստում ընտրությունները, անշուշտ, ունեն հատուկ նշանակություն, հատուկ իմաստ: Այնպես որ կարծում եմ` բնական է, որ մենք նման ակտիվություն ենք տեսնում ընտրություններին»,– հստակեցրեց նա։
Ինչ վերաբերում է ձայների հաշվարկին, ապա դեսպանն ասաց, որ այն կիրականացվի սահմանված ընթացակարգին համապատասխան և դիտորդների ներկայությամբ:
«Երաշխավորում եմ, որ դա կլինի ազնիվ և թափանցիկ հաշվարկ։ Մենք արդեն նման փորձ ունենք»,– եզրափակեց Կոպիրկինը։
Պատասխանելով հեռավար քվեարկության հնարավորության մասին հարցին՝ նա նշեց, որ Հայաստանում նման ձևաչափ չկա։
Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։