ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ ՌԴ Դումայի ընտրությունների արդյունքներով մեծ անակնկալներ չեն լինի։ Aravot.am-ի հետ զրույցում, մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ բոլոր հարցումներով իշխող «Միասնական Ռուսաստանն» առաջատար է։ Եվ որ ոչ պակաս էական է՝ ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական միավորները, գրեթե առանց բացառությունների, տարբեր շեշտադրումներով կամ հիմնական քաղաքական միավորները, պաշտպանում են նախագահ Պուտինի արտաքին քաղաքականությունը։
ՌԴ-ում ընթացող Դումայի ընտրություններին, հիշեցնենք, մասնակցում են «Եդինայա Ռոսիա» (Единая Россия) իշխող կուսակցությունը, Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցություն (КПРФ), Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Նովիե լյուդի» (Новые люди), «Սպրավեդլիվայա Ռոսիա – Պատրիոտներ – Հանուն ճշմարտության» (Справедливая Россия — За правду), «Սոցիալական արդարության Ռուսաստանի կենսաթոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ» (Коммунисты России), «Ռոդինա» (Родина), «Կանաչներ» ռուսական էկոլոգիական կուսակցություն (Зелёные), «Ուղղակի ժողովրդավարության կուսակցություն»։
«Յաբլոկո» (Яблоко) լիբերալ կուսակցությունը չի մասնակցում Դումայի ընտրություններին․ 2026 թվականի օգոստոսին ՌԴ Գերագույն դատարանը՝ իշխանամետ «Ռոդինա» կուսակցության հայցի հիման վրա, չեղարկեց «Յաբլոկո»-ի համաֆեդերալ ընտրական ցուցակի գրանցումը։ Որպես պաշտոնական պատճառ նշվեցին հեղինակային իրավունքների ենթադրյալ խախտումները քարոզչական նյութերում և արտերկրից ստացված չնչին նվիրատվությունները (դրանք որակվեցին որպես «օտարերկրյա ֆինանսավորում»)։
Այս ընտրությունների արդյունքում Էդուարդ Շարմազանովը չի ակնկալում ՌԴ-ում նոր իշխանության ձևավորում, կարծում է՝ «Եդինայա Ռոսիան» կպահպանի իր դիրքերը․ «Չեմ կարող ասել՝ ինչքանով, բայց ֆավորիտը «Եդինայա Ռոսիան» է»։
Ինչ վերաբերվում է Դումայի ընտրություններից հետո ռուսական քաղաքականության հնարավոր փոփոխությանը, մասնավորաբար Հարավային Կովկասի եւ Հայաստանի հետ հարաբերություններում, մեր զրուցակիցը կարծում է, որ շատ լուրջ փոփոխություններ չեն սպասվում․ «Ռուսաստանը, ի տարբերություն Հայաստանի, պառլամենտական պետություն չէ, այնտեղ նախագահական կառավարում կա, նախագահի իշխանությունը և աշխատակազմը բավականին ուժեղ են, և՛ ուժային կառույցները, և՛ արտաքին գերատեսչությունը հենց նախագահի համակարգման տակ են։ Դուման էլ լուրջ դերակատարում ունի, բայց առաջնային մանդատը նախագահինն է։ Եթե սրան գումարենք, որ այդ կուսակցությունները սատարում են Պուտինի քաղաքականությանը, ես չեմ կարծում, որ ընտրություններից հետո շրջադարձային բան է փոխվելու Հայաստանի հետ հարաբերություններում։ Այսինքն, այն իրավիճակը, որը կա, կամ այն հարցականները, որ կան, դրանք շարունակվելու են։ Ավելի շատ բան կախված է բարձր մակարդակի հանդիպումներից, կոնկրետ՝ Փաշինյան-Պուտին ակնկալվող հանդիպումից, որը պիտի լինի տարեվերջին։ Երկուստեք արդեն արձանագրված է, որ հարաբերությունները չունեն այլևս ավանդական դաշնակցային մակարդակը, կան բազմաթիվ խնդիրներ թե՛ ռուսական կողմից հնչող, թե՛ հայկական կողմից հնչող։ Այս պահին, ինչքանով որ եմ տեղյակ եմ, մենք նույնիսկ նշանակված դեսպան չունենք այնտեղ»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ, Ռուսաստանը շատ հստակ և՛ արտգործնախարարության, և՛ նախագահի շուրթերով ասել է իր կարծիքը մեր մասով։
Էդուարդ Շարմազանովի կարծիքով, ՌԴ-ի համար հիմա առաջնայինը ուկրաինական ճգնաժամն է։
«Բնականաբար, վերջին շրջանում ռուս-ամերիկյան հարաբերությունների հրապարակային դառնալը և երկուստեք դրական ֆոնի մեջ ներկայացնելը՝ և՛ հեռախոսազրույցը, և՛ Ուիտկոֆի ու Կուշների այցելությունը, կարծում եմ, ամրացրել է թե՛ նախագահի դիրքերը, թե՛ նախագահին սատարող ուժերի դիրքերը»։
Ներռուսաստանյան պնակում, Էդուարդ Շարմազանովի դիտարկումներով, փոփոխություններ հնարավոր են։ Օրինակ, «Նովիե լյուդին» մի քիչ ավելի շատ ձայն կարող է հավաքել, քան լիբերալ-դեմոկրատները, որովհետև այդ ուժը իմիջային կորուստ է ունեցել եւ այլն, բայց «Եդինայա Ռոսիան» առաջին տեղը կզբաղեցնի։ Ինչ տոկոսով, ինչ չափով՝ չեմ կարող ասել»։
«Մենք նույն «Եդինայա Ռոսիայի» հետ ունենք 2007 թվականից ստորագրված համագործակցության հուշագիր։ Այս պահանջների ընթացքում կենտրոնում ունենալով ՀՀ պետական շահը՝ այդ կոնտակտները պահպանել ենք, մասնակցել ենք բազմաթիվ համաժողովների, որը կազմակերպվել է «Եդինայա Ռոսիան»։ Միայն այս տարի երեք անգամ ՀՀԿ-ի պատվիրակությունը եղել է երկու անգամ Մոսկվայում, մեկ անգամ Պերմում, մասնակցել ենք այդ հանդիպումներին, որտեղ, բնականաբար, ներկայացրել ենք մեր ազգային ու պետական խնդիրները։ Խոսել ենք Բաքվի գերիներից, խոսել ենք Արցախի էթնիկ զտումից, խոսել ենք ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ում մեր դիրքորոշումներից ու շատ բաց խոսել ենք պրոբլեմներից։ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություն է, անկախ ուկրաինական ճգնաժամից, նրա դիրքերի ժամանակավոր թուլացումից տարածաշրջանում՝ Ռուսաստանի հետ պետք է կառուցել շատ ճիշտ հարաբերություններ, որը չի վնասում ՀՀ պետական շահերին։ Եվ կարծում եմ, որ նաև միջկուսակցական մակարդակով մենք կշարունակենք «Եդինայա Ռոսիայի» հետ համագործակցությունը։ Բոլոր խնդիրներով հանդերձ՝ գտնում եմ, որ Ռուսաստանի հետ պետք է զարգացնել հարաբերությունները։ Ռուսաստանի 102 ռազմաբազայի դուրսբերման թեման ամենևին չի բխում մեր պետական շահերից։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ այդ թեման ջրի երես դուրս եկավ, ինչո՞ւ սկսեցին քննարկել, բայց դա չի բխում ՀՀ շահերից, և ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում։
Կարծում եմ՝ Հայաստանը նույնիսկ ԵԱՏՄ-ում պետք է շարունակի։ Մի քանի անգամ ասել եմ՝ կրկնեմ՝ ԵՄ գնալու մասին այդ ցանկությունների ժողովածուն ոչինչ չի տալիս ՀՀ- ին և տեսանելի ապագայում ՀՀ-ն որևէ հնարավորություն չունի անդամակցելու Եվրոպական միությանը։ ԵՄ մեր գործընկերներն էլ են դրա մասին խոսում շատ հստակ»։
Ինչ վերաբերվում է տարեվերջին կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպումից ակնկալիքներին, մեր զրուցակիցն ասաց․«Մենք տեղեկություններ ստանում ենք բացառապես բաց աղբյուրներից, իսկ ես, որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, շատ լավ գիտեմ, որ քաղաքականության մեջ այսբերգի ընդամենը 10%-ն է երևում, իսկ 90%-ը փակ հանդիպումներ են։ Դրա համար ես չեմ կարող ասել, թե ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ պայմանավորվածություններ կան։ Մանավանդ, ես համոզված եմ, որ գերատեսչությունների մակարդակով, միգուցե նաև պետության ղեկավարների մակարդակով ոչ հրապարակային շփումները կան։ Բայց եթե նայում ենք բաց աղբյուրներին, ապա Ռուսաստանը հստակ այդ խնդիրը դնում է, որ հնարավոր չէ գնալ ԵՄ և օգտվել ԵԱՏՄ-ից կամ Ռուսաստանից տրվող օժանդակությունից։ Ոչ միայն Ռուսաստանը, ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահները հայտարարություն ունեն, ըստ որի փաստացի կամ-կամ-ի ընտրություն են դնում, որի անհրաժեշտությունը չէր լինի, եթե Փաշինյանը, ՔՊ-ն չգնար և պառլամենտում 2024 թվականին այդ օրենքը չընդուներ, որը, կրկնում եմ, մեզ ոչինչ չի տվել՝ բացի կենացների ժողովածուից։ Նիկոլ Փաշինյանի օգուտ տվել է, իշխանությանն օգուտ տվել է դա, որովհետև լրացուցիչ արտաքին օժանդակություն է և ձայներ է բերել․ ԵՄ գնալը շատ հրապուրիչ է հնչում։ Բայց այնտեղ մեզ սպասող չկա, ու փաստը հենց սա է։ Եվ դրա հետ զուգահեռ փչացնել հարաբերությունները ավանդական, ռազմավարական դաշնակցի հետ, դա էլ ճիշտ չէ։ Մենք գտնում ենք, որ պետք է լինի այն մեխանիզմը, որը գործել է կոնկրետ թեկուզ մեր իշխանության ժամանակ․ մեզ որևէ մեկը չի կարող ռուսամետ անվանել, ոչ արևմտամետ։ Կարող է շատերը շատ բան ասեն, բայց փաստարկված չկա, որովհետև մենք և՛ Ռուսաստանի հետ կարողացել ենք հարաբերությունները խորացնել՝ դառնալով ԵԱՏՄ անդամ, ավելացնելով ռազմաբազայի գործողության ժամկետը և աշխարհագրությունը նրա կիրառելիության, բայց միևնույն ժամանակ նաև 2017-ի աշնանը ստորագրել ենք ՍԵՊԱ-ն։ Ու այն առավելությունները, որ այսօր Փաշինյանի իշխանությունն է ձեռք բերել Եվրամիության հետ առևտրի ազատականացման ոլորտում, այդ ռեժիմը Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ավելի լավ գործել է GSP+-ն է»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: