Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի կարծիքով Հայաստանը գոնե կարող էր բարձրաձայնել իր մտահոգությունները Բաքվում գտնվող հայ գերիների պահման պայմանների վերաբերյալ, նրանց՝ արտաքին աշխարհի հետ կապի բացակայության վերաբերյալ, քանի որ խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է։
Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ պետության դիրքորոշման մեջ գերիների վերաբերյալ, որեւէ՝ դրական կամ բացասական տեղաշարժ արձանագրել են, քանի որ պաշտոնյաները՝ առաջին դեմքից սկսած, անընդհատ խուսափում են հստակ տեղեկություններ տալուց միայն ասում են, որ հարցին հետամուտ են, չեն բարձրաձայնում, որպեսզի գործընթացին չվնասեն։
Մեր զրուցակիցն ասաց, որ տարեսկզբին՝ հունվար ամսին չորս գերիների վերադարձից հետո որեւէ այլ տեղեկություն չկա․«Տեղաշարժ չկա նաև, որ երրորդ երկրի ներկայացուցիչը կամ գոնե որևէ իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպության, ասենք, ՄԱԿ-ի կամ Եվրախորհրդի ներկայացուցիչը, բայց հիմնականում երրորդ երկրի ներկայացուցիչը, այցելեն նրանց»։
Մեր զրուցակցի գնահատմամբ, դատավարության ընթացքը Ադրբեջանը փորձելու է դատավարությունը գաղտնիության պայմաններում անցկացնել, իսկ երբ դատապարտումը ուժի մեջ մտնի, իրենք կարող են որոշակիորեն թույլ տալ, որ այդ մարդկանց հետ կապը ուժեղանա․ «Բայց էլի մինչև վերջ չեն անի, որովհետև այնքան կեղծիքներ են եղել այս դատավարության ժամանակ, ու իրանք թույլ չեն տալու, որ մարդիկ բարձրաձայնեն դա»։
Փաստաբանի դիտարկմամբ, գերությունից վերադարձած մարդիկ էլ բացարձակ հրապարակային տիրույթում չեն, վերահսկողություն կա նրանց նկատմամբ, այդ թվում նաև ՀՀ-ի կողմից։ Ենթադրում է, որ վերադարձից հետո, ՀՀ իշխանությունները նրանց առջեւ որոշակի պայմաններ են դնում, որ օրինակ, երրորդ երկրում դատարան չդիմեն։
Ի դեպ, իր պաշտպանյալի՝ Կարեն Ավանեսյանի գործով փաստաբանական թիմը նոր փաստեր է պատրաստում։ Նրա մասով ՄԻԵԴ որոշում կա, որն Ադրբեջանը չի կատարում․ «Ինքն, ըստ էության, արտաքին աշխարհի հետ կտրված վիճակում է, իսկ առողջական խնդիրներով որևէ տեղեկություն չկա, թե ինքը ընդհանրապես ի՞նչ վիճակի է»։ Կարեն Ավանեսյանը Բաքվի բանտում է, դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։
Եվրոդատարանի որոշումը կատարելու մեխանիզմները, ըստ Արա Ղազարյանի, ավելի շատ քաղաքական դաշտում են, թեև իրավական որոշ գործընթացներ էլ կան։ ԵԽ նախարարների կոմիտեն, իհարկե, բանակցում է Ադրբեջանի հետ, բայց Եվրոխորհրդարանի կայացրած առաջի վճռից անցել է 6․5 տարի, դեռ գործուն միջոցներ չեն ձեռնարկում։ Խոսքը Մանվել Սարիբեկյանի գործին է վերաբերվում։
Մեր զրուցակցի բնութագրմամբ, ԵԽԽՎ-ի հայտնի բանաձևի, որով Ադրբեջանի պատվիրակների լիազորությունները սահմանափակվեցին, հիմքում վճիռների չկատարումն է։ Այսինքն՝ Ադրբեջանի դեմ դրված է այդ պայմանները, հակառակ դեպքում՝ սանկցիան կշարունակվի․ «Հիմա սանկցիան դեռ ընթացքի մեջ է, Ադրբեջանի պատվիրակությունը քվեարկելու իրավունք չունի։ Դա քաղաքական սանկցիա է։ Ադրբեջանը սպառնում է դուրս գալ Եվրախորհրդից, բայց դեռ այդպիսի որոշում չի կայացնում, մեծ հաշվով Ադրբեջանին ձեռնտու չի Եվրոպայի խորհրդից դուրս գալը։ Բայց, մյուս կողմից էլ, Ադրբեջանը չի կարող է այդ պայմանները, որ Եվրոխորհուրդը առաջարկում է, կատարել։ Դրանք վերաբերում են երկրի ներսում լուրջ ռեֆորմներին, իսկ Ադրբեջան ռեֆորմներ չի կարող կատարել, իրենք չունեն ուղղակի էդ պոտենցիալը, քաղաքական կամքը չունեն, իրենք շատ ժամանակ են բաց թողել, 20 տարուց ավել բաց են թողել։ Չես կարող մեկ տարում այդ ամբողջը կատարել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: