Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր օծեց Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց եկեղեցին։
Մինչ օծման արարողությունը վեհափառ հայրապետին դիմավորեցին աղ ու հացով։
Հավաքված հավատացյալներին օրհնելուց հետո կաթողիկոսը բարերար Յուրի Արոյանի հետ եղևնի տնկեց եկեղեցու բակում։
Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։
Օծման արարողությանը ներկա էր նաև ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Դիմելով հավատացյալներին` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նշեց, որ Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած դժվարություններն ու մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միասնությամբ, հայրենանվեր ոգով և հավատքով։
«Սիրելի՛ բարեպաշտ հայորդիներ, այսօր մեր հայրենիքն ու ժողովուրդը շատ դժվարությունների ու մարտահրավերների միջով են անցնում։ Փորձությունները մենք ի զորու ենք դիմագրավել միասնությամբ, միաբանությամբ, հայրենանվեր, քաջարի ոգով և առ Տեր ապավինությամբ։ Ինչպիսին էլ լինեն նեղությունները և մեր առջև ծառացած խնդիրները, դրանց հանդիման գոտեպնդվենք հույսով և անխախտ հավատով»,– ասաց վեհափառ հայրապետը։
Նա հորդորեց մշտապես ընտրել ազնվությունն ու ներողամտությունը և մերժել անարդարությունը, սուտը, կեղծիքն ու անօրենությունը։ Ամենայն կայոց կաթողիկոսը Բյուրեղավանի բնակիչներին կոչ արեց պահպանել նորակառույց եկեղեցին, կանոնավոր այցելել այն և երեխաներին ևս առաջնորդել դեպի եկեղեցի։
«Ձեր օրինակով ձեր սիրասուն զավակներին ևս առաջնորդեք դեպի եկեղեցի, նրանց մեջ սերմանեք սեր ու հավատարմություն դեպի Աստված և հայրենի երկիրը, որովհետև հավատքով և ազգանվիրումով կրթված ու դաստիարակված սերունդն է մեր ժողովրդի լուսավոր գալիքի երաշխիքը»,– շարունակեց վեհափառը։
Արդեն լրագրողների հետ զրույցում կաթողիկոսը պատասխանեց եկեղեցու առջև ծառացած փորձությունների հարցին` նշելով, որ ամեն ինչ կհաղթահարվի։
«Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին։ Հաղորդվե՛ք այս նվիրական, նորաօծ սուրբ եկեղեցով։ Եվ թող Տիրոջ օրհնությունները հեղվեն մեր ժողովրդի կյանքից ներս, որպեսզի ազգս ապրի խաղաղ, ապահով, անվտանգ կյանքով և կերտի իր բարի ու լուսավոր ապագան»,– ասաց Գարեգին Բ–ն։
Կաթողիկոոսը հայրապետական գնահատանք հայտնեց եկեղեցու բարերարներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրներին։ Յուրի Արոյանը իր հերթին լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարևորում է ժողովրդի, իշխանության և եկեղեցու միասնությունը։
Նրա կարծիքով` առկա տարաձայնությունները ժամանակի ընթացքում կարող են կարգավորվել։
«Ես աշխատում եմ և երազում եմ, որ մեր ազգը, մեր հայ ժողովուրդը լինի միասնական, որովհետև դա է ուժը և հզորությունը»,– ասաց Արոյանը։
Անդրադառնալով եկեղեցու և իշխանության միջև առկա տարաձայնություններին՝ նա նշեց, որ պառակտումն իր համար ընդունելի չէ։
«Միասնությունը՝ ազգի, իշխանությունների, մեր եկեղեցու… Կան հարցեր։ Ես վստահ եմ, որ Տիրոջ կամքով ժամանակ է պետք, որ այդ հարցերը բոլորը կարգավորվեն, և մենք, ոնց եղել ենք, ունենանք միասնական, ուժեղ հայրենիք»,– ասաց բարերարը։
Բարերարի խոսքով՝ եկեղեցի կառուցելն իր համար Աստծուն ծառայելու ձև է։ Նա համոզված է, որ յուրաքանչյուր քրիստոնյա իրեն տրված կյանքի համար պետք է իր հնարավորությունների սահմաններում ծառայի` մեկը՝ աղոթքով, մյուսը՝ աշխատանքով կամ խոնարհությամբ։