Գարեգին Բ-ն օծել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին (PAN.am)

Սեպտեմբերի 19-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։

Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։

Արարողության ընթացքում շարականների և սաղմոսների երգեցողությամբ ջրով ու գինով լվացվել են եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները և մկրտության ավազանը։ Այնուհետև «Հրաշափառ» շարականի ներքո խորան է բարձրացվել Սրբալույս մյուռոնը, որով Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարել է Սուրբ սեղանի օծումը։

Աղոթքներից և սուրբգրային ընթերցվածքներից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը նորակառույց եկեղեցին կոչել է Սուրբ Աստվածածնի անունով։

Եկեղեցու օծման բերկրալի առիթով կաթողիկոսն իր հայրական պատգամն ու օրհնությունն է բերել հավատացյալ ժողովրդին։

«Ինչպիսին էլ լինեն նեղություններն ու խնդիրները, դրանց հանդիման գոտեպնդվնեք հույսով և անխախտ հավատով։ Միշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտությունը և մերժենք ամեն տեսակ անարդարություն, սուտ ու անօրինություն։ Արդարև, հավատքի վեմի վրա հիմնված եկեղեցում թագավորում են միայն տերունավանդ սերը, փոխըմբռնումն ու համերաշխությունը՝ ապրելու ազնիվ հանձնառությամբ և նվիրյալ ծառայությամբ առ Աստված, ազգն ու հայրենին»,– պատգամել է Վեհափառը:

Դիմելով բյուրեղավանցիներին՝ կաթողիկոսը հորդորել է շեն պահել նորակառույց եկեղեցին՝ մշտահունչ աղոթքով, կանոնավոր այցելություններով, հոգատարությամբ ու սիրով պայծառացնելով Աստծո տունը։

Նա հորդորել է, որ մարզային և քաղաքային իշխանություններն աջակից լինեն թեմում սպասավորող հոգևորականներին և նպաստեն նորաօծ եկեղեցու կարևոր առաքելության բարվոք իրականացմանն ու արդյունավորմանը։

Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման առիթով Նորին սրբությունը եկեղեցուն ընծայել է Սուրբ Ծննդյան սրբապատկեր՝ որպես մշտաբուխ աղբյուր Սուրբ Էջմիածնից բաշխվող օրհնության, իսկ Արոյան եղբայրներին շնորհել է Հայրապետական օրհնության գրեր։

Այնուհետև նորաօծ եկեղեցում մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Բառնաուլ քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաշտոց քահանա Հակոբյանի ձեռամբ։

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Կոտայքի թեմի հոգևոր սպասավորներ, մշակույթի և հասարակական գործիչներ, ինչպես նաև եկեղեցու օծման առիթով Կոտայքի մարզից ու Հայաստանի տարբեր բնակավայրերից Բյուրեղավան ժամանած բազում ուխտավորներ։

Leave a comment