«Հայաստանը կմնա ռուսական ազդեցության գոտում՝ անունը ինչ ուզում եք դրեք՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, կամ առանց որեւէ անուն»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը
-Ամսի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակման եւ Արցախի հայաթափման հինգերորդ տարին է եւ ՀՀ իշխանությունն այդ օրը Կապանում քեֆ-ուրախություն է կազմակերպել։ Ջերմուկի վրա հարձակման չորրորդ տարելիցի օրն էլ հեծանվավազքի մրցույթ էր Հայաստանում։ Ու այս ամենի ֆոնին ինտենսիվ խոսվում է Տիգրանաշենի հանձնման, մինչեւ տարեվերջ՝ նոր Սահմանադրություն ունենալու մասին, որում, ինչպես գիտեք, բազմաթիվ վերանայումներ են լինելու։ Ի՞նչ փուլում է Հայաստանը, էմոցիոնալ ֆոնից դուրս, ի՞նչ իրական գործընթացներ են, ըստ ձեզ, տեղի ունենում մեր երկրում եւ մեր պետության շուրջ։
-Տպավորություն ունեմ, որ Նիկոլը մեծ դավադրություն է պատրաստում Հայաստանում եւ այն սքողելու համար փորձում է հնարավորինս շատ աղմկահարույց գործողություններ կազմակերպել եւ իրականացնել։ Այդ դավադրությունը կարող է ընդգրկել ինչպես տարածքների հանձնումը եւ այնտեղ ադրբեջանական զորքի մուտքը՝ «խաղաղության», անկլավների, «սահմանազատման», «Զանգեզուրի միջանցքի» եւ այլ ադրբեջանական պահանջներով, այնպես էլ նոր Սահմանադրության անօրինական ընդունումը։
Այս համատեքստում ադրբեջանական հաղթանակների օրերը Հայաստանում նշելը ինչպես չափում է հասարակության դժգոհության պոտենցիալը, այնպես էլ ստեղծում է երկրորդական, կեղծ օրակարգեր, որոնց շուրջ պայքարը շեղում է հասարակությանը իրական դավադրությունից։ Սա դասական սքողման գործողություն է (cover operation), որը լավ հայտնի է ստրատեգներին, հետախույզներին, զինվորականներին, քաղաքական գործիչներին։
Այս նույն ռազմավարության մեջ պետք է դիտարկել նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի աղմկոտ ձերբակալությունները եւ «կուլակաթափումը»։ Ընտրություններից հետո նման աղմկոտ գործողությունները պարզապես անիմաստ են, իսկ դեպի Եվրոպա քայլելու տեսանկյունից՝ անգամ խիստ վնասակար, սակայն Նիկոլը գնում է այդ քայլերին, քանի որ ունի ավելի կարեւոր ու հրատապ խնդիր՝ ադրբեջանական պահանջների կատարումը, քանի որ շատ լավ է հասկանում, որ ինքն իր իշխանությունը կարող է պահել միայն ադրբեջանական սվիններով։
–Ընդդիմությանն անընդհատ փորձում ենք խնայել, բայց համարժե՞ք է, օրինակ, խորհրդարանական ընդդիմադիր ուժերի արձագանքը կատարվողին։ Կոշտ ելույթներ խորհրդարանում, անգամ վիրավորանքներ, քաշքշոցներ, բայց ընդդիմության հիմնական գործառույթն, ըստ իս, այլընտրանքի առաջարկը պետք է լինի։ Ո՞րն է այլընտրանքը, երբ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարը հայտարարում է, որ TRIPP-ը միջանցք չէ, ճանապարհ է եւ այդպես են ասում, որ բանակցելու խնդիր չունենան։ Ստացվում է, որ ՔՊ-ն Հայաստանը տանում է «ճիշտ ճանապարհով», իրենք վիճարկում են այն, որ ՔՊ-ն է տանում, ոչ թե իրենք։
-Ընդդիմությանը ընդհանրապես պետք չի խնայել, քանի որ նա մտել է վերը նշած նիկոլական օրակարգով իրեն հատկացված դերի մեջ՝ ստանձնելով նրա արարքների ֆորմալ անտագոնիստի պաշտոնը։
Չմոռանանք, որ ընդդիմությունը նույնպես խաբել է իր ընտրողներին՝ խոստանալով ընտրություններում պարտության դեպքում փողոցային շարժում սկսել, բայց իրականում բավարարվում է ինչ-որ բանավեճերով եղոյան-ռուբինյան-չախոյանների հետ։ Ավելին, շոուն ավելի դիտարժան դարձնելու համար, Նիկոլը հիմա սկսում է զոհաբերել նաեւ յուրայիններին։ Հիշենք նորահայտ իշխանական օլիգարխ Նարեկ Նալբանդյանի հասցեին ասված կոշտ խոսքերը, կամ իշխանական շիշ բռնողի հանդեպ սկսված հետապնդումը։
-ՌԴ նախագահի եւ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումից, դրան հետեւած կողմերի հայտարարություններից, տպավորություն է, որ Հայաստանը վեց ամիս ժամանակ ունի կողմնորոշվելու՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, դո՞ւրս է գալիս, ինչին էլ կածանցվեն մնացյալ գործընթացները։ Ձեր տպավորությամբ, ի՞նչ իրավիճակում կլինի Հայաստանը՝ օրինակ, 2027 թվականի հունվարի 1-ին։ Ի դեպ, առերեւույթ, տպավորություն է, որ ՌԴ-ն որոշումներ ունի Հայաստանի մասով, բայց փորձում է դրանք իրականացնել ՀՀ-ի ձեռամբ։
-Քանի որ բոլորը Նիկոլից ուզում են Զանգեզուրի միջանցքը, ապա տարօրինակ կլիներ, որ Ռուսաստանը չուզեր։ Մանավանդ որ, ի տարբերություն մյուսների, ում հանդեպ Նիկոլն այս տարածքի վերաբերյալ ունի միայն թղթի վրա գրված պարտավորություններ, ռուսներն այս տարածքում ունեն կոնկրետություն՝ զորք եւ երկաթուղի։ Եթե անգամ ինչ-ինչ աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների պատճառով Մոսկվան ստիպված լինի հետագայում զիջել այս տարածքները, ապա ռուսներն իրենք այն կծախեն թուրքերի վրա, ինչը ժամանակին արեցին Արցախի պարագայում։ Ի դեպ, այս դեպքում Նիկոլը կստանա այն, ինչն ինքն էր ուզում՝ եւ Ռուսաստանին կբավարարի, եւ թուրքական սվինները կգան, որ իրեն պաշտպանեն հայ ժողովրդից։
Նախընտրական շրջանում, փորձելով դիրքավորվել որպես արեւմտամետ ուժ, Նիկոլը իրեն բազմիցս թույլ է տվել հակառուսական արտահայտություններ։ Հիմա Նիկոլը Արեւմուտքից ստացել է այն, ինչը ուզում էր՝ լեգիտիմություն, սակայն իրականում չափազանց ոչ լեգիտիմ է եւ խոցելի։ Ռուսաստանն էլ օգտագործում է այս խոցելիությունը՝ ստանալու այն, ինչ իրեն պետք է, ու բնական է, որ ոչ մի Եվրոպա էլ իրեն այս հարցում չի կարող օգնել։ Արեւմուտքին թվաց, թե ի դեմս Նիկոլի՝ նա ձրի գործիք է ստանում Ռուսաստանի դեմ, բայց երբ պետք են կոնկրետ քայլեր, օրինակ՝ վիզաների ազատականացում, նա լվանում է ձեռքերը։
Այնպես որ, կարծում եմ, այս հարցում Նիկոլի մի մայրաքաղաքից մյուսը նետվելն ու շարունակական տիրափոխությունն ավարտվում է. Հայաստանը կմնա ռուսական ազդեցության գոտում՝ անունը ինչ ուզում եք դրեք՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, կամ առանց որեւէ անուն։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
18.09.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: