ՆԱՏՕ-ն ուռճանում և ընդլայնվում է, մտնում աշխարհի տարբեր տարածաշրջաններ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստում։
«ՆԱՏՕ-ն արդեն աշխարհի այլ տարածաշրջաններ է մտնում։ Որոշ եվրոպական առաջնորդներ բացահայտ հայտարարում են, որ պատրաստվում են Ռուսաստանի հետ պատերազմի», – ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինի խոսքով՝ այդօրինակ գործողություններով եվրոպական ղեկավարները փորձում են փրկել իրենց գահավիժող վարկանիշները, քողարկել տնտեսական և սոցիալական քաղաքականության սխալները, սակայն դա նրանց մոտ այնքան էլ չի ստացվում:
Ինչպես նշել է Ռուսաստանի առաջնորդը, Եվրոպայի քաղաքացիներն ընտրությունների միջոցով պարզ հասկացնում են, որ Ռուսաստանի հետ ոչ մի պատերազմ չեն ցանկանում:
«Բայց փոխանակ կանգ առնեն՝ լսելու իրենց քաղաքացիներին, որոնք ընտրություններով հստակ հասկացնում են, որ իրենք Ռուսաստանի հետ ոչ մի պատերազմ չեն ուզում, այդ առաջնորդները շարունակում են իրավիճակն ավելի սրել», – նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Ինչպես նշել է Պուտինը, այդ իրավիճակն ուռճացնելու համար նրանք օգտագործում են իրավիճակը Ուկրաինայում։
«Ուկրաինացիներին (եվրոպական առաջնորդները – խմբ.) օգտագործում են որպես թնդանոթի միս», – ասել է ՌԴ նախագահը:
Ընդ որում, ինչպես ընդգծել է Պուտինը, Եվրոպայի նկատմամբ Ռուսաստանը ոչ մի ագրեսիվ մտադրություն չունի։
«Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ Ռուսաստանը ոչ մի ագրեսիվ մտադրություն չունի Եվրոպայի, եվրոպական երկրների նկատմամբ։ Մենք դրա համար հիմքեր պարզապես չունենք», – ասել է Պուտինը։
Ելույթի ընթացքում նա պատմել է Զապորոժիեի մարզում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի զոհվելու մասին և ընդգծել, որ Կիևի ռեժիմի ներկայացուցիչներն ամեն ինչ անում են, որպեսզի բանակցություն և խաղաղություն չլինի:
«Անհասկանալի է, թե ինչու են նրանք ընդհանրապես դա անում՝ մեզ վախեցնելու համա՞ր։ Բոլորի համար ակնհայտ է, որ դա անհնար է», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ քննարկման կդրվեն սպառազինության նոր պետական ծրագրի նախագիծը և պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման ծրագիրը, որոնք հիմք կհանդիսանան Ռուսաստանի բանակի և այլ ուժային կառույցների վերազինման նպատակով սպառազինության և տեխնիկայի ժամանակակից համակարգերի մշակման և սերիական արտադրության համար:
«Որպեսզի դրանք պատրաստ լինեն արագ և արդյունավետ պատասխանելու հնարավոր արտաքին սպառնալիքներին, որոնք, ինչպես տեսնում ենք, չեն նվազում», – ասել է Պուտինը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, սպառազինությունների պետական ծրագրի բոլոր ուղղություններով անհրաժեշտ են ռացիոնալ և ճշգրիտ լուծումներ:
«Ընդգծեմ, որ սպառազինության նոր պետական ծրագրի բոլոր չափորոշիչների համար անհրաժեշտ են ռացիոնալ, ստույգ, ճշգրտված, արդյունավետ լուծումներ», – ասել է նա:
Պուտինը նշել է, որ սպառազինության նոր պետական ծրագրում հատուկ ուշադրություն կհատկացվի անօդաչու թռչող սարքերի զարգացմանը:
Սպառազինությունների նոր պետական ծրագրի կարևոր առաջնահերթություններից է միջուկային եռյակի ամրապնդումը։
«Կարևոր առաջնահերթությունների թվում, ինչպես և նախկինում, միջուկային եռյակի ամրապնդումն է, որը մնում է մեր երկրի ինքնիշխանության երաշխիքը և առանցքային դեր է խաղում աշխարհում ուժերի հավասարակշռության պահպանման գործում», – ասել է ՌԴ նախագահը: