Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը

Քաղաքականություն

18.09.2026 | 21:14

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարությունը՝ կապված Ադրբեջան ճանապարհորդելու  նախազգուշացման հետ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բաքուն վճռականորեն դատապարտել և մերժել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի՝ սեպտեմբերի 17-ի հայտարարության մեջ Ադրբեջանի վերաբերյալ ճանապարհորդական նախազգուշացումը «կամայական ձերբակալության և անարդար դատավարության ռիսկի» մասին պնդումներով հիմնավորելու փորձը։

«Անթույլատրելի են Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան՝ առանձին քրեական գործերով իրականացվող դատական գործընթացները քաղաքական նկատառումներով ներկայացնելու և Ադրբեջանի դատական համակարգի աշխատանքին միջամտելու փորձերը։ Չի կարող անտեսվել այն հանգամանքը, որ նման մեղադրանքներ ներկայացնելով Ադրբեջանի հասցեին՝ Ֆրանսիան հաշվի չի առնում սեփական իրավապահ և քրեակատարողական համակարգերում առկա խնդիրները։ Միևնույն ժամանակ, բոլորին հայտնի է միջազգային իրավունքի խախտումների, ռասիզմի, խտրականության և մարդու իրավունքների սահմանափակման հետ կապված ֆրանսիական կողմի գործունեությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն կոչ է անում «ֆրանսիական կողմին ձեռնպահ մնալ Ադրբեջանի վերաբերյալ անհիմն և կողմնակալ պնդումներից, հարգել երկրի ինքնիշխանությունն ու վերջ դնել երկկողմ հարաբերություններին վնաս հասցնող մոտեցումներին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment