Ըստ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ Տիգրանաշենի բնակիչները իրավունքների պետական գրանցումներ չունեն։ «Փաստինֆո»-ն հարցում է ուղարկել Կոմիտե՝ խնդրելով հայտնել, թե Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրում անշարժ գույքի նկատմամբ այս պահին քանի՞ անձի իրավունք է գրանցված, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը վերջին անգամ ե՞րբ է կատարվել, հողօգտագործման իրավունք քանի՞ անձ ունի, և արդյոք այսօր անշարժ գույքի հետ կապված գործարքներ իրականացվո՞ւմ են Տիգրանաշենում։
Լրատվամիջոցը հետաքրքրվել է նաև, թե պետական սեփականություն հանդիսացող քանի՞ շենք, շինություն, որքա՞ն հողատարածք կա Տիգրանաշենում։
Ի պատասխան՝ հայտնել են, թե «Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային շտեմարանում գյուղ Տիգրանաշեն հասցեով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներ չեն հայտնաբերվել»։
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտնել էր, որ Տիգրանաշենում մոտ 50 տուն կար։ Ստացվում է, որ տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիները Տիգրանաշենում բնակվում են, հող են մշակում, ընտրությունների են մասնակցում ու կենսագործունեություն են ծավալում՝ առանց սեփականության իրավունքի, կամ էլ Կադաստրի կոմիտեն թաքցնում է տվյալները։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին այս պատասխանը տարակուսելի թվաց։
«Բացառված բան է, բա Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հայրը՝ Ռազմիկ Թևոնյանը, որ Տիգրանաշենում տուն է կառուցել, սեփականության վկայական չունի՞, ո՞նց կարող է նման բան լինել, բացառված բան է։ Մարզպետի ընտանիքն այնտեղ խաղողի մեծ այգիներ ունի, նրանք «Երասխի» գինու գործարանի սեփականատերերն են, իրենց խաղողի հիմնական այգիները գտնվում են Տիգրանաշեն գյուղում։ Իրենք հարկ չեն վճարո՞ւմ, ՊԵԿ-ն ասելիք չունի՞, ինչպես են մարդիկ այնտեղ հողի հարկ ու գույքահարկ վճարում՝ առանց սեփականության իրավունքի։ Եթե գեթ մեկ դրամ այդ բնակավայրի տարածքի սուբյեկտները, սեփականատերերը հողի հարկ ու գույքահարկ են վճարել՝ նշանակում է՝ գրանցված սեփականություն ունեն»։
Դիտարկմանը, թե ստացվում է՝ փորձում են թաքցնե՞լ, Ղազարյանը հիշեցրել է Կիրանցի դեպքերը։
«2024-ի Տավուշի մարզի դեպքերը աչքի առաջ ունեն, այնտեղ պարզ էր, չէ՞, որ Կիրանցում սեփականության վկայականներ էին տվել, հետո Փաշինյանը հանձնարարեց քրեական գործ հարուցել, պարզել, թե ինչի են տվել։ Կարծում եմ՝ արդեն հիմա հող են նախապատրաստում, որ այդ տարածքները պիտի հանձնվեն, ուստի հիմիկվանից փորձում են թաքցնել, բայց բացառված բան է, մարդիկ այնտեղ սեփական տներ ունեն, ո՞նց կարող են այդ տների վկայականները չունենալ»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում